«Ձգտում» և «դուրս գալ». Չինաստանում ընտրել են տարվա հիերոգլիֆները
Չինաստանում «ձգտում» և «դուրս գալ» բառերը համացանցային քվեարկության արդյունքում 2018թ.-ի տարվա հիերոգլիֆներ են ճանաչվել, գրում է РИА Новости գործակալությունը: Քվեարկությունն անցկացվել է Չինաստանի մոնիթորինգի և հետազոտությունների պետական լեզվաբանական կենտրոնի աջակցությամբ:
«Ձգտել» հիերոգլիֆը, որն ունի նաև «ոգեշնչվել», «առաջ մղվել», «ինքնամոռաց աշխատել» իմաստները, տարվա հիերոգլիֆ է ճանաչվել ներքին թեմատիկայի առումով: Մասնագետների կարծիքով՝ պատճառն այն է, որ մեր ժամանակներում պայքարը և առաջ շարժվելու ձգտումը յուրովի երջանկություն են:
«Դուրս գալ» հիերոգլիֆը, որը կարելի է թարգմանել նաև որպես «նահանջել», «հետ քաշվել», տարվա հիերոգլիֆ է ճանաչվել միջազգային թեմատիկայի առումով: Պատճառը, հավանաբար, այն է, որ 2018թ.-ին «դուրս գալ» բառը «ցնցել» է ամբողջ մոլորակը. ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից, Համաշխարհային փոստային միությունից, Քաթարը դուրս եկավ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ): Պակաս կարևոր չէր Brexit-ը՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը: