Հայ-ռուսական հարաբերությունների ամենաբարձ մակարդակում խնդիրներ չկան, սակայն 2-րդ էշելոնում անվստահություն կա․ փորձագետներ
Չեմ կասկածում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք ՌԴ-ի հետ որևէ խնդիր չունենք, սակայն սա, ասես, իր անձնական ուղիղ կապի մակարդակն է, մնացած բոլոր դաշտերում, երևի թե, կան բացթողումներ, որոնք տարբեր հարցադրումների հիմք են հանդիսանում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Նա ենթադրում է, որ ճյուղային ոլորտներում կան բացեր, որտեղ պետք է բաց քննարկում լինի։
«Ինչպես Փաշինյան ու Պուտին են նստում, բաց քննարկում, այնպես էլ մյուս ոլորտների ներկայացուցիչները պետք է քննարկում անեն։ Կյանքում մի բանով առաջնորդվենք՝ բանակցությունների միջոցով կարելի է հասնել ամեն ինչի, ինչպես Քենեդին էր ասում՝ Աստված չանի, որ վախենանք բանակցություններից, Աստված չանի, որ բանակցենք վախից։ Պետք գիտակցենք, որ պետք է գնալ, խոսել, բանակցել ու օգտագործել բոլոր մեխանիզմները»,- ասաց նա։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյան էլ համաձայնեց Թևան Պողոսյանի հետ այն մասով, որ հայ-ռուսական հարաբերությունների ամենաբարձր մակարդակում՝ պետության ղեկավարների մակարդակում, շփումները լավ են ստացվում, իսկ մի փոքր ավելի ներքև խնդիրներ կան։ Նրան կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների ոչինչ չի սպառնում, սակայն իշխանության երկրոդ էշելոնում խնդիրներ է նկատում։
«Այդ խնդիրները շարունակական աշխատանքի և լուծման կարիք ունեն։ Օրինակ՝ ես չեմ հիշում, որ ՌԴ ղեկավարն ինչ-որ մի պետության ղեկավարի մասին բացասական խոսի, այսինքն՝ սա Պուտինի քաղաքական ու անձնական դիրքավորումն է ցանկացած պետության հետ հարաբերություններում։ 2-րդ էշելոնում, իսկապես, խնդիրներ կան, եթե հայկական կողմը չի բարձրաձայնում, ապա ռուսական կողմը պարբերաբար բարձրաձայնում է, ներքևում վստահության լուրջ բացակայություն կա, իսկ ավելի ներքև՝ տոտալ անվստահություն կա։ Այս հարցում պետք է աշխատի նաև վարչապետը, որ իր թիմակիցները կարողանան այպես գործել ինչպես ինքը, այսինքն՝ ազատ, անկաշկանդ մթնոլորտում քննարկել հարցերը»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ՌԴ-ից ՀՀ մատակարարվող գազի սակագնին, Սուրեն Սարգսյանը նշեց, որ գազի գնի փոփոխություն տեղի ունենալու է։ Նա նկատեց, որ նախկինում գազի գինը ՀՀ-ի համար թանկանում էր ձմռան սեզոնից հետո։
«Հիշում եմ, որ թանկացումից առաջ ՀՀ ղեկավարները գնում էին Մոսկվա, և որոշում էր կայացվում, որ գազի գինը գնի թանկացումը 2-3 ամիսով հետաձգվի։ Չեմ բացառում, որ հիմա սցենարի կրկնություն է, քանի որ վարչապետը մի քանի օրից կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենա, կխնդրի գազի գնի վերանայում կամ ժամկետների հետաձգում, բայց դժվարանում եմ ասել ռուսական կողմի դիրքորոշումը: Սակայն ընդհանրապես, ՌԴ-ի համար գազային գեոքաղաքականություն արտաքին քաղաքականության մեջ կարևոր գործիք է համարվում»,- շարունակեց Սարգսյանը։
Հարցին՝ ինչու ենք ՌԴ նախագահից իմանում, որ Նիկոլ Փաշինյան ու Վլադիմիր Պուտին հանդիպում է լինելու, սա աշխատակազմի թերացո՞ւմ է, թե՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղում որոշեց, որ նման հանդիպում է լինելու, բանախոսները պատասխանեցին. «Նման մակարդակի հանդիպումները տեղում որոշելը շատ քիչ է լինում։ Ինձ թվում է՝ ծրագրավորված է եղել, բայց կարծում եմ, որ չպետք է կորցնենք այն առավելությունը, որն օգնում է հիբրիդային ճնշումների չենթարկվել»,- հավելեց Պողոսյանը։
«Քանի որ պետական ապարատում աշխատանքի փորձ ունեմ, սովորաբար նման հանդիպումներից 2-3 օր առաջ է հայտարավում, որ նախագահը կամ վարչապետը կմեկնեն այնտեղ, լինում են բացառություններ, որ մինչ այդ է հայտարվում։ Սակայն, սովորաբար, հայկական կողմը մի քիչ ավելի ուշ է ասում, քանի որ մտավախություն կա, որ ինչ-որ բան կփոխվի։ Սա փակ աշխատանի հետևանք չէ, կամ գործընթացը չեն թաքցնում»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը։