ՀՀ-ն բյուջետային աջակցության վարկի տեսքով ներգրավելու է 50 մլն դոլար վարկ. Ա. Հայրապետյան
ԱԺ քննարկման ներկայացվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը:
ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև այս տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված վարկային համաձայնագիր, որով առաջարկվում է 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավել:
«2018 թվականի բյուջեի մասին օրենքով նախատեսված դեֆիցիտի ֆինանսավորման շրջանակներում է ներգրավումը կատարվում, օրենքով արդեն իսկ ամրագրված է, էս ծրագրի շրջանակում կառավարության ողջ պարտականությունները կատարված են: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից երեք տարին՝ արտոնյալ»,- ասաց Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Հայրապետյանը:
Ըստ համաձայնագրի որոշման՝ վարկային միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը․ պակասուրդը 156 միլիարդ 915 միլիոն 705 հազար դրամ է: Վարկի տոկոսադրույքը 3,3 % է:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ գումարը վերցնելու դեպքում չի ավելանա Հայաստանի արտաքին պարտքը, և ինչո՞ւ են վարկ վերցնում, երբ իրենց իշխանությունը նշում էր, որ կողմ չէ բյուջետային ծախսեր կատարելու համար վարկ վերցնելուն:
Փոխնախարարի պաշտոնակատարն արձագանքեց՝ 50 մլն ԱՄՆ դոլարով վարկային համաձայնագիրն ավելացնելու է արտաքին պարտքը:
«Ցանկացած բյուջե, որը դեֆիցիտով է հաստատվում, նշանակում է հաջորդ տարի ունենալու ենք դեֆեցիտի չափով ստանձնած ավել պարտք: Կան վարկեր, որոնք ուղղվում են ընդհանուր բյուջետային ֆինանսական կայունությունն ապահովելուն, սա հենց այդ նպատակներից է, և խորհրդարանում վավերացված բյուջեի ծախսերին համապատասխան կայուն ֆինանսավորում իրականացնելու համար է, մեր ֆինանսական միջոցների անբավարարության չափ կա, որը լրացնելու համար պարտք ենք վերցնում», - ասաց Հայրապետյանը:
Բաբուխանյանն արձագանքեց, որ բոլոր կառավարությունները գալիս ու ասում են` երբ ունենանք շատ ռեսուրսներ, այլևս վարկ չենք վերցնի: «Եթե մի օլիգարխի լավ թափ տայիք, այդ 50 միլիոնը կդնեիք բյուջե: Այդքան ասում եք` օլիգարխիայի դեմ պայքար, 50 միլիոնն ի՞նչ էր, որ չկարողացաք վերցնել ու դնել բյուջե: Հնարավո՞ր չէր այդ գումարը ստվերի կամ կոռուպցիայի դեմ պայքարից հանել, որ 3 տարի հետո չմտածենք` 50 միլիոնը կերանք, խմեցինք, նպաստ տվեցինք, ու հիմա արտաքին պարտքն ավելացավ»,- ասաց պատգամավորը:
Ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատարն էլ ասաց, որ հնարավոր էր, բայց շատ ռիսկային էր, քանի որ եթե այդ 50 մլն դոլարը չլիներ, գուցե ֆինանսական դեֆիցիտ լիներ:
Վարկային համաձայնագիրը քվեարկության կդրվի վաղը: