Հյուսիսային Սենտինել կղզում բնակվող վայրի ցեղի ներկայացուցիչներն ամերիկացու են սպանել. India Today
Հյուսիսային Սենտինել կղզում բնակվող և արտաքին աշխարհի հետ կապ չհաստատող ցեղի ներկայացուցիչներն ամերիկացի զբոսաշրջիկի են սպանել, հաղորդում է India Today-ը՝ ոստիկանությանը հղումով:
ԱՄՆ քաղաքացի Ջոն Ալեն Չոյին կղզի հասցրած յոթ ձկնորսները տեսել են, թե ինչպես են վայրի ցեղի ներկայացուցիչները նետ ու աղեղով հարձակվել տղամարդու վրա, ապա նրան կիսով չափ թաղել լողափի ավազի մեջ:
Հնդկաստանի իշխանություններն ամերիկացու մարմինը որոնելու նպատակով ուղղաթիռներ են ուղարկել կղզի, սակայն դրանք չեն կարող վայրէջք կատարել կղզու վրա, քանի որ դրա բնակիչները թշնամաբար են վերաբերվում իրենց մոտենալու ցանկացած փորձի:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ զոհվածը միսիոներ է եղել: Նախկինում նա հինգ անգամ այցելել է Անդամանյան և Նիկոբարյան կղզիներ և մեծ ցանկություն է ունեցել այնտեղ քրիստոնեություն քարոզելու:
2011թ.-ի տվյալներով՝ Հյուսիսային Սենտինել կղզում բնակվում է 40 մարդ, որոնք հրաժարվում են արտաքին աշխարհի հետ կապ հաստատելուց: