ԱՄՆ-ը կոշտ միջոցներ չի ձեռնարկի Սաուդյան Արաբիայի դեմ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության և մարմնի մասնատման պատճառով կոշտ միջոցներ չի ձեռնարկի՝ Սաուդյան Արաբիայի կամ գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալմանի դեմ:
Ինչպես հաղորդում է CNN-ը, Թրամփը հայտնել է, որ «ամերիկյան հետախուզությունը շարունակում է գնահատել բոլոր տեղեկությունները. հավանական է, որ արքայազնը տեղյակ է եղել ողբերգական միջադեպի մասին, հնարավոր է՝ ոչ»:
«Ամեն դեպքում մենք շարունակում ենք մեր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Նրանք եղել են մեր մեծ դաշնակիցներն Իրանի դեմ կարևորագույն պայքարում: ԱՄՆ-ը մտադիր է մնալ Սաուդյան Արաբիայի հուսալի գործընկերը՝ պաշտպանելու համար մեր երկրի, Իսրայելի և մեր բոլոր տարածաշրջանային գործընկերների շահերը»,- շեշտել է ամերիկացի առաջնորդը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները մանրամասներ էին հրապարակել Ջամալ Խաշոգջիի սպանության պահը ֆիքսած ձայնագրություններից: