Վարչապետի ասուլիսից հասկացա, որ ոչ թե բյուջեն է իներցիոն, այլ մեր կառավարությունն է շատ ռեակցիոն. Աշոտյանը՝ Փաշինյանի խոստումների մասին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, փորձել է այն անել ափալ-թափալ, հապճեպ՝ խախտելով միջազգային բոլոր չափանիշները: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ իր կառավարությունը կատարել է ժողովրդին տրված բոլոր խոստումները: Աշոտյանը հիշեցրել է, որ կառավարության ծրագիրը հաստատելիս գործադիրն Ընտրական օրենսգիրքը դիտարկում էր գերակա բարեփոխումներից մեկը, բայց չարեց դա, ինչն արդեն նշանակում է, որ խոստումները 100 տոկոս չեն կատարվել:
«Փաշինյանը չի կատարել նաև մեր ժողովրդին տված սոցիալ-տնտեսական խոստումները: Ես հիշում եմ, թե ինչպես էր Փաշինյանը հրապարակում խոստանում բյուջեն ավելացնել 800 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար: Մենք տեսանք 2019-ի բյուջեն, այդտեղ այդ ավելացումը չկա: 2019 թվականի բյուջեն շատ հեռու է այն խոստումներից, որ տալիս էր Նիկոլ Փաշինյանն աշխատավարձների, թոշակների, կրթաթոշակների բարձրացման, կրթության, առողջապահության ոլորտների ֆինանսավորման վերաբերյալ և այլն:
Իհարկե, եթե իրենց հարցնեք, իրենք կասեն, որ շարունակում են նախորդ կառավարության տնտեսական քաղաքականությունը: Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ բյուջեն իներցիոն է, բայց իր ասուլիսից ես հասկացա, որ ոչ թե բյուջեն է իներցիոն, այլ մեր կառավարությունն է շատ ռեակցիոն՝ վարչապետի գլխավորությամբ: Հերթական անգամ անհանդուրժողականության, ատելության չափաբաժինը նետեց դեպի հասարակություն և չէր թաքցնում իր ատելությունը Հանրապետական կուսակցության անդամների և այլախոհների նկատմամբ: Կարծում եմ, որ վարչապետը պետք է իրեն ավելի լավ տիրապետի»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը:
Արմեն Աշոտյանը նշել է, որ վարչապետը չկատարեց նաև երրորդ խոստումը. «նա խոստանում էր սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, բայց այդպիսի մթնոլորտ չկա»:
Շարունակությունը՝ տեսանյութում: