ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորիկի զոհերի թիվը հասել է 36-ի
ԱՄՆ-ի ափամերձ շրջաններին հարվածած «Մայքլ» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ ամենից շատ զոհեր գրանցվել են Ֆլորիդա նահանգում:
Ինչպես նշվում է, Ֆլորիդայում զոհերի թիվն աճել է, բժշկական փորձագետները հաստատել են կնոջ մահը Բեյ շրջանում, որից հետո նահանգում զոհերի թիվը հասել է 26-ի: Եվս 10 մարդ զոհվել է Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա և Վիրջինիա նահանգներում:
Ավելի վաղ հաղորդում էր փոթորիկի հետևանքով 33 զոհի մասին: Տարերային աղետի հետևանքով ամբողջովին ավերվել է ավելի քան 4000 տուն: Եվս 15 000 շենք վնասվել է: Փրկարարներն ավելի քան 16 000 բնակչի են տարհանել:
Հիշեցնենք, որ «Մայքլ» փոթորիկը Ֆլորիդայի ափերին է հասել հոկտեմբերի 8-ին: Փոթորիկի հասցրած նյութական վնասի չափը գնահատվում է 10 մլրդ դոլար: