Բոլոր տեղամասերում էլ ընտրական գործընթացն անցնում է բաց, թափանցիկ, հրապարակային. ԿԸՀ նախագահն անակնկալ այցելել է ընտրատեղամասեր (տեսանյութ)
Ընտրություններ են ՀՀ 49 համայնքում, որոնց մի մասում՝ գրեթե կեսում, արտահերթ ընտրություններ են, իսկ ԿԸՀ-ն իր գործառույթներին համապատասխան աշխատում է։
Այսօր Էջմիածին համայնքում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, որը շրջայցի էր եկել Արմավիր մարզի Վաղարշապատ՝ Էջմիածին քաղաք։
Նա նշեց, որ այստեղ եկել է առանց զգուշացման՝ անակնակալ ու պատահականության սկզբունքով այցելելով տեղամասային ընտրական հանձնաժողովներ՝ տեղում ծանոթանալու հանձնաժողովի աշխատանքներին։ «Հանդիպեցինք վստահված անձանց, դիտորդներին, լսեցինք վերջիններիս կարծիքը, քանի որ առաջին հերթին շատ կարևոր է պարզելը, թե ինչ կերպ է ընթանում քվեարկությունը, ինչ խնդիր է առաջանում։ Այս ամենը նաև լավ առիթ է՝ շտկելու այն թերությունները, թերացումները, որոնք կան, և հետագայում, միանշանակ, դրանք հաշվի կառնվեն»,- ասաց նա։
Մուկուչյանի խոսքով՝ այս շրջայցի ժամանակ ինքը եղել է մեկ տասնյակից ավել ընտրատեղամասերում և նկատել է, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում բավականին շատ դիտորդներ ու վստահված անձիք կան․ «Ըստ էության, վերջիններիս կողմից ներկայացվում է եզակի խնդիրներ՝ կապված կոնկրետ տեղամասի հետ։ Նշված խնդիրներից մեկի մասին խոսվել է նաև առավոտյան՝ եղել էր ահազանգ, ԿԸՀ-ն էլ ծանոթ էր դրան, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովն անմիջապես արձագանքեց դրան, որը քվեաթերթիկը նկարելու փորձ կատարելն է եղել։ Կարծում եմ՝ հենց այդ արձագանքով էր պայմանավորված, որ հետագայում այդ գործելաոճն այլ քաղաքացիներ չնախընտրեցին»,- շարունակեց Մուկուչյանը՝ հավելելով, որ կատարվածի վերաբերյալ անմիջապես հաղորդվել է ոստիկանություն։
Մուկուչյանի խոսքով՝ ընտրատեղամասերում տեխնիկական սարքերն անխափան աշխատել են և որևէ տեղից դրանց աշխատանքի հետ կապված խնդիրներ իրեն չեն ներկայացվել։
Նա կարևորեց այն, որ որևէ տեղամասային կենտրոնի մոտակայքում անձանց կամ ավտոմեքենաների կուտակումներ առկա չեն եղել։ Ինչ վերավերում է հարցին, թե կարող ենք արձանագրել, որ մոտ ենք քաղաքակիրթ ընտրություններ ունենալուն, ԿԸՀ նախագահը պատասխանեց․ «Համենայնդեպս կարելի է փաստել մեկ բան՝ բոլոր տեղամասերում էլ ընտրական գործընթացն անցնում է բաց, թափանցիկ, հրապարակային, որը համապատասխանում էր Ընտրական օրենսգրքի պահանջներին»։
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին քաղաքացիների մասնակցությանը, Տիգրան Մուկուչյանն ասաց, թե մասնակցությունը պայմանավորված է նաև թեկնածուների քանակից․ «Օրինակ՝ Էջմիածին քաղաքում 12 թեկնածու է մասնակցում ընտրապայքարին, բնական է, որ ընտրապայքարի մեծաթիվ լինելը նաև իր ազդեցությունն է ունենում մասնակցության հետ կապված։ Մասնակցության թվերը թույլ են տալիս ասելու, որ ընտրողները բավականին ակտիվ մասնակցում են ՏԻՄ ընտրություններին»,- եզրափակեց Տիգրան Մուկուչյանը։