Հրազդանի 26/01 ընտրատեղամասում համայնքապետի ընտրություններն ընթանում են բնականոն հունով. հանձնաժողովի նախագահ
Հրազդանի 26/01 ընտրական տեղամասում ընտրությունները մինչ ժամը 10:00-ն ընթացել են նորմալ, բնականոն հունով։
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Շանթ Օհանյանը։
«Ոչ մի խոչընդոտ, խախտում տեղի չի ունեցել։ Մասնակցության թիվը նորմալ է»,- ասաց նա՝ նշելով, որ ցուցակներում գրանցված 1843 ընտրողից ժամը 10-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մոտ 100-ը։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ընտրական գործընթացին այստեղ հետևում են դիտորդներ, համայնքապետի երկու թեկնածուների վստահված անձինք։
Նշենք, որ Հրազդանում համայնքապետի արտահերթ ընտրություններում առաջադրված հինգ թեկնածուներից այս պահին մրցապայքարում մնացել են երկուսը։ Թեկնածուներից մեկի գրանցումը մերժել են, մեկը հետ է վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ է հայտնել։
Այստեղ պայքարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանը և անկուսակցական Լևոն Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Սևակ Միքայելյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի աջակցում։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, որ իրենք սիրում ու հարգում են թե՛ Սասուն Միքայելյանին, թե՛ նրա որդուն, սակայն իրենց համար լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական պրոցեսներում «ընտանեկան ավանդույթներ են լինում, հատկապես այս փուլում»։
Նշենք նաև, որ Լևոն Ստեփանյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ բաժինը, Հրազդանում MYcorner հակասրճարանի հիմնադիրն է: