Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի վերջին օրը եղավ Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասում և Կենտրոն վարչական շրջանում:
Նորագավիթի բնակիչները ջերմությամբ ողջունեցին քաղաքապետի թեկնածուին, ունեցան անկեղծ և անկաշկանդ զրույցներ, բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, որոնց Զարուհի Փոստանջյանը տվեց սպառիչ պատասխաններ՝ շեշտելով, որ գալիս է ծառայելու Երևանին և երևանցիներին: Քարոզչական նյութեր բաժանվեցին հարյուրավոր բնակիչների, ովքեր նաև տեղեկացվեցին կուսակցության նախընտրական ծրագրային հիմնադրույթներին:
Քաղաքապետի թեկնածուն, տեսնելով հերթական աղբով լի աղբամանները և նրանից տարածվող գարշահոտությունը, նշեց, որ քարոզարշավի նախորդ օրերին բոլոր վարչական շրջաններում աղբի և կեղտի նույն պատկերն է եղել, և քաղաքային իշխանությունները դրսևորել են անգործություն, մինչդեռ աղբի տեղափոխման համար քաղաքացիները վճարում են գումարներ: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ քաղաքապետի լիազորություններ ստանձնելով՝ օրենքի շրջանակներում Երևանը կեղտից և աղբից մաքրելու հարցն անմիջապես լուծելու է, իսկ որոշ ժամանակ հետո ունենալու ենք աղբի վերամշակման գործարան, որից ստանալու ենք լրացուցիչ եկամուտներ, էներգիա և ապրանքներ, և վերացվելու են Երևանում գտնվող երկու՝ Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը:
Երեկոյան Զարուհի Փոստանջյանն Ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ շրջեց Կենտրոն վարչական շրջանում: Նախընտրական քարոզչությունը եզրափակվեց համայնքի փողոցներով քայլարշավով, քաղաքացիներին քարոզչական նյութերի բաժանմամբ, կարգախոսի՝ «Արդարություն և օրենք» և քվեաթերթիկում «Համար 4»-ի բազմակի հնչեցմամբ: «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕՐԵՆՔ» կարգախոսը «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ հատուկ վանկարկեցին նաև ՀՀ ոստիկանության շենքի առջև: