Ռոհանին ՄԱԿ-ի ԳՎ-ի շրջանակում Թրամփի հետ հանդիպում է խնդրել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է խնդրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես նշում է ria.ru-ն, այդ մասին պատմել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
«Իհարկե, Ռոհանին հանդիպում է խնդրել, բայց դա կախված է միայն նախագահ Թրամփից»,- ասել է պաշտոնյան:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հույս ունի Թեհրանի հետ երկրի միջուկային ու հրթիռային ծրագրերի հարցերը ներառող համաձայնագիր ստորագրել: Հուքն ընդգծել էր, որ փաստաթուղթն անպայման պետք է ներառի և՛ միջուկային, և՛ հրթիռային ծրագրերը, քանի որ այդ հարցերը չի կարելի տարանջատել:
Միևնույն ժամանակ, Հուքն ասել է, որ Թրամփն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն բացահայտ խոսել են Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն Թեհրանում այդ առաջարկը մերժել են:
Հիշեցնենք, որ 2015թ. Իրանն ու «միջնորդ վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ստորագրել են պատմական միջուկային համաձայնագիր, որով Թեհրանը պարտավորվել է սառեցնել երկրի վիճահարույց միջուկային ծրագիրը, իսկ Արևմուտքը դրա դիմաց մասամբ չեղարկել է իսլամական հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցները:
Սակայն Միացյալ Նահանգների նախագահն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է Վաշինգտոնի՝ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին՝ պատճառաբանելով, որ փաստաթուղթը լիարժեք չէ, չի բխում ԱՄՆ-ի շահերից, ինչպես նաև սողանցք է թողնում Իրանի համար հրթիռային ծրագիրը զարգացելու հարցում:
Թրամփը վերականգնել է Իրանի նկատմամբ նախկին պատժամիջոցներն ու հարաբերությունների վատթարացմամբ սպառնացել Իրանի հետ բիզնես վարող երկրներին: