Հնագույն քաղաքակրթության նոր հետքեր են հայտնաբերվել
Կանադական ՄաքԳիլի համալսարանի հետազոտողները պարզել են, որ հնագույն մայաները նպաստել են Յուկատան թերակղզու արևադարձային անտառներում հողի քայքայմանն ու աղքատացմանը, ինչն, ըստ գիտնականների, նկատելի է անգամ այսօր:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով գիտական աղբյուրը, հայտնի է, որ 9-րդ դարում մայաները կտրուկ անկում են ապրել, որը դրսևորվել է բնակչության արագ կրճատմամբ, քաղաքներից բնակիչների հոսքով և ջրամատակարարման համակարգի կործանմամբ:
Գիտնականները ենթադրում են, որ մայաների համեմատաբար զարգացած քաղաքակրթությունն անհետացել է էկոլոգիական աղետի պատճառով, որը պայմանավորված է եղել անտառահատմամբ և քաղաքաշինությամբ:
Հետազոտողներն ուսումնասիրել են Մեքսիկայի հարավային մասում և Գվատեմալայում գտնվող երեք լճի հատակից վերցված նմուշները: Նրանք պարզել են հողում առկա հանքանյութերի կազմում պահպանված բուսական մոմի տարիքը: Այնուհետև համեմատել են այլ բուսականության մնացորդների հետ և եկել եզրակացության, որ երբ մայաներն սկսել են անտառներ հատել, դրանց միջև տարբերությունները նվազել են: Դա նշանակում է, որ ածխածինը հողում կարճ ժամանակ է պահպանվում:
Գիտնականների խոսքով՝ Յուկատան կղզու հողերը դեռևս չեն վերականգնվել: