Իտալիան ընդունել է ծովում փրկված ներգաղթյալների նավը, սակայն պահանջում է «բաշխել» նրանց ԵՄ այլ երկրների միջև
Միջերկրական ծովի ջրերում 177 ներգաղթյալի փրկած Իտալիայի առափնյա անվտանգության ծառայության նավը կայանել է Սիցիլիա կղզու Կատանիա քաղաքի նավահանգստում, սակայն Իտալիայի իշխանությունները պահանջում են Եվրամիությունից «բաշխել» ներգաղթյալներին եվրոպական մյուս երկրների միջև, այս մասին գրում է DPA–ն։
Առափնյա անվտանգության ծառայությանը պատկանող իտալական Diciotti նավը ներգաղթյալներին փրկել է Մալթայի ափերի մոտ՝ օգոստոսի 16-ին։ Օրեր շարունակ երկու երկրները վիճում էին, թե նրանցից որը պետք է ընդունի ներգաղթյալներին։
«Diciotti նավը կմնա Կատանիայում, այժմ Եվրոպան պետք է արագ խաղա իր դերը», - ասել է Իտալիայի ենթակառուցվածքների ու տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելին։
Ավելի վաղ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին սպառնացել էր հետ ուղարկել ներգաղթյալներին Լիբիա։ Մինչդեռ նախարարությունից հայտնել էին, որ թույլ չեն տա ներգաղթյալներին իջնել նավից, մինչև վստահ չլինեն, որ նրանց չեն ուղարկի այլ երկրներ։