Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան պատմել է Վայնոնա Ռայդերի ու Կիանու Ռիվզի «իրական ամուսնության» մասին (տեսանյութ)
Հոլիվուդյան ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան բացահայտել է, որ «Բրեմ Սթոքերի Դրակուլան» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասան Կիանու Ռիվզն ու նրա խաղընկերուհի Վայնոնա Ռայդերն իսկապես ամուսնացել են:
Ինչպես նշում է The Guardian-ը, ֆիլմը նկարահանվել է 1992թ.: Դրանում կա Ռայդերի ու Ռիվզի էկրանային կերպարների պսակադրության դրվագ: Կոպպոլայի խոսքով՝ դրվագին իրականության զգացողություն հաղորդելու համար ինքը որոշել է զույգին օրինական ճանապարհով ամուսնացնել:
«Ես մտածեցի, որ իրական հարսանեկան արարողությունը (հույն ուղղափառ քրիստոնյաների ավանդույթի համաձայն) շատ գեղեցիկ կլիներ»,-ասել է ռեժիսորը: Նա մանրամասնել է, որ պսակադրության դրվագը նկարահանել է Լոս Անջելեսում հունական ուղղափառ եկեղեցում՝ իրական քահանայի մասնակցությամբ:
«Փաստորեն ամեն ինչ իրական էր, ու երբ նկարահանումն ավարտվեց, մենք բոլորս գիտակցեցինք, որ այժմ Կիանուն ու Վայնոնան օրինական ամուսնացած են»,-հայտարարել է Կոպպոլան: