«Քան» ակադեմիայի հիմնադիր Սալ Քանը շնորհակալական ուղերձ է հղել հայաստանյան թիմին
«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը՝ էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման և թարգմանության նախագիծը, իր աշխատանքները սկսել է 2017 թվականի հուլիսից «Այբ» կրթական հիմնադրամի և «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ։ Կրթական ոլորտում համեմատաբար նոր այս նախագիծը մեկ տարվա ընթացքում հասցրել է թարգմանել և հայկականացնել մաթեմատիկայի շուրջ 1200 տեսանյութ, 600-ից ավելի վարժություններ և ուսուցողական նյութեր։
Նախագծի հայիֆիկացման աշխատանքներին իր ակտիվ մասնակցություն է ցուցաբերել շուրջ 50 անդամ ունեցող կամավորների համայնքը։ Նախագծի մեկամյակի և ծավալած ոգևորիչ գործունեության համար «Քան» ակադեմիայի հիմնադիր Սալ Քանը շնորհակալական ուղերձն է հղել հայաստանյան թիմին՝ հույս հայտնելով, որ թիմը եռանդով կշարունակի աշխատանքները՝ համալրվելով կայքը նորանոր թեմաներով՝ արվեստից մինչև ծրագրավորում, գիտություն և ֆինանսներ, ինչպես նաև համախմբել կրթական ոլորտի աջակիցներին՝ թարգմանված նյութերի որակի շարունակական բարելավման համար։
Առաջիկա մեկ տարում էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման և թարգմանության նախագծի թիմը ծրագրում է ավարտել մաթեմատիկայի նյութերի թարգմանությունը՝ ապահովելով ամբողջական նյութեր բոլոր դասարանների համար: Թիմի համար շատ կարևոր է ծրագրի շարունակականության ապահովումը՝ միաժամանակ կազմակերպելով մրցույթներ և համագործակցելով տարբեր կրթական հաստատությունների հետ` հասկանալու, թե ինչ նյութեր են հարկավոր աշակերտներին:
Արդեն սեպտեմբերից «Քան» ակադեմիայի հայաստանյան թիմը սկսելու է նաև ծրագրավորման վերաբերյալ նյութերի թարգմանության և հայոց լեզվի վերաբերյալ տեսանյութերի ստեղծման աշխատանքները: Թիմը նշում է, որ հայոց լեզվի տեսանյութերը լինելու են ամբողջությամբ նոր ծրագիր: Փորձելու են ստեղծել քերականության վերաբերյալ հետաքրքիր, անմիջական տեսանյութեր, որոնցով կկարողանան սովորել միջին և ավագ դպրոցի աշակերտները:
Ծանոթացեք «Քան» ակադեմիայի հայալեզու կայքին հետևյալ հղմամբ․
Մեկամյակին նվիրված տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Նոր տեսանյութերի մասին մշտապես տեղեկացված լինելու համար միացեք նաև YouTube-յան ալիքին, սեղմելով «Subscribe» կոճակը։
Հետևեք «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի գործունեությանը նաև՝ Facebook-ում
Instagram-ում
Twitter-ում
______________________________________________________