Ընդերքի տեսչական մարմնից արձագանքել են՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանում առաջիկայում լիարժեք ստուգում կսկսեն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացվել է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ, բնապահպան Լևոն Գալստյանը:
«Որպես ահազանգ տեսանյութը դրել ենք Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում, ահազանգը փոխանցել ենք տեսչական մարմնին, տեսնենք ինչ կարող են անել»,-ասաց նա:
Ըստ նրա, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշել է, որ երկու շաբաթից Ալավերդու ձուլարանում լիարժեք ստուգում են սկսելու: Իսկ կոնկրետ այս ահազանգի հետ կապված, նշել է, որ Լոռվա տարածքային ստորաբաժանման պետին տեղյակ են պահել, որ գնան զննության ու կազմեն արձանագրություն, իսկ արդյունքների մասին կհաղորդեն:
«Եթե մինչ այդ կոնկրետ այս դեպքով ահազանգ լինի, կարող ենք նաև վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրել»,- ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արթուր Գրիգորյանը:
Լևոն Գալստյանը նշեց, որ նման ահազանգերն առաջին անգամ չեն հնչեցվում: «Ուղղակի տարիներով ամեն ինչի վրա աչք են փակել, լուծում չի տրվել նախորդ կառավարությունների կողմից, լավագույն դեպքում ինչ-որ սիմվոլիկ տուգանքներ են գրել, որպեսզի ասեն, տեսեք ինչ-որ բան արեցինք: Այն որ Ախթալայում, Ալավերդում, Կապանում, Քաջարանում, Ագարակում և մնացած հանքաարդյունաբերական գոտիներում բոլոր գետերն աղտոտված են ծանր մետաղներով, դա բոլորը գիտեն և կան լաբորատոր հետազոտություններ: Գետեր կան, որ վաղուց արդեն գետ չեն, ուղղակի որպես թափոնատար են աշխատում: Բոլոր նախորդ կառավարություններին ասվել է, ներկայացվել է, բայց ոչ մի էական քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ»,-ասաց բնապահպանը:
Լևոն Գալստյանի խոսքով՝ իրենց ակնկալիքը նոր կառավարությունից այն է, որ այդ հարցերին սկսեն լուծում տալ և ձեռնարկություններին ստիպեն հարգել բնության և մարդկանց առողջ միջավայրում ապրելու իրավունքը:
«Հայաստանում եթե գործում են ինչ-որ հանքավայրեր և եթե գործում են ինչ-որ հանքաքար մերամշակող ձեռնարկություններ, պետք է բնական միջավայրը չաղտոտեն»,-ասաց նա: