Nas Daily-ն հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանից՝ պատմելով պատերազմի հետևանքով մնացած ականների մասին (տեսանյութ)
Nas Daily անունով հայտնի Նյու Յորքում բնակվող բլոգեր Նուսեիր Յասինը, որը ճամփորդում է տարբեր երկրներով ու ամեն այցելության վերաբերյալ մեկ րոպեանոց ուշագրավ տեսաանդրադարձեր հրապարակում իր ֆեյսբուքյան էջում, հերթական մեկ րոպեանոց տեսանյութն է հրապարակել Հայաստանից՝ այս անգամ անդրադառնալով պատերազմի հետևանքներին և ականազերծմանը:
Նա տեսանյութը նկարահանել է Հայաստանում մի տարածքից, որը դեռևս ականապատ է մնում: Բլոգերը նշում է, որ պատերազմի ավարտից 25 տարի անց Հայաստանում բազմաթիվ ականներ են մնում, որոնք չեն պայթել և նշում է, որ զինվորները ականզերծման աշխատանքներ են իրականացնում մինչ այսօր: Բլոգերը նշում է, որ ականներից շարունակվում են մարդիկ վիրավորվել և զոհվել:
«Անգամ եթե Սիրիայի պատերազմը ավարտվի հիմա, ավիրված դպրոցները, ենթակառուցվածքները, կրթական համակարգը և ականները դեռ իրենց հետևանքները կունենան հաջորդ սերունդների համար»,- ասում է բլոգերը՝ նշելով, որ պատերազմից հետո մնացող ականապատ տարածքներն ի թվիս այլ հետևանքների այն գինն է, որ պետք է վճարել պատերազմի համար:
«Քանի դեռ պատերազմից 25 տարի անց ականներ ենք պայթեցնում և հանդիպում ենք դրանց զոհերին, ես համոզված եմ, որ պատերազմը չի ավարտվում անգամ, երբ խաղաղություն է հաստատվում»,- իր տեսանյութը եզրափակում է բլոգերը: