ԱՄՆ-ն և Ուկրաինան մերժել են Դոնբասում հանրաքվեի գաղափարը
ԱՄՆ իշխանությունները չեն դիտարկում Դոնբասում ինքնահռչակ հանրապետությունների կարգավիճակի մասին հանրաքվեի աջակցության հնարավորությունը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդի ներկայացուցիչ Գարետ Մարկիսին:
«Մինսկի համաձայնագրերը գործընթաց են Դոնբասում հակամարտության կարգավորման համար, և այդ համաձայնագրերը չեն նախատեսում հանրաքվեի համար տարբերակներ: Բացի այդ Ուկրաինայի մի հատվածում, որը կառավարության վերահսկողության տակ չէ, կազմակերպվելիք այսպես կոչված հանրաքվեն լեգիտիմ չէր լինի»,- պարզաբանել է նա:
Դոնբասում հանրաքվե անցկացնելու գաղափարը մերժել են նաև Կիևում: Գերագույն ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշենկոն գրել է Facebook-ում, որ Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող տարածքներում ոչ մի հանրաքվե չի լինելու: Երկրի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ հանրաքվեն կնշանակեր «Ուկրաինայի կազմաքանդման փորձ»:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանրաքվե անցկացնել Դոնբասում՝ ճգնաժամի կարգավորման համար:
Գործակալության աղբյուրները, որոնք ներկա են եղել Ռուսաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը, հայտնել են, որ խոսքը միջազգային կազմակերպությունների հովանու ներքո հանրաքվեի մասին է, որի ժամանակ Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները կորոշեն տարածքների կարգավիճակը: