Կառավարության ԸՕ–ի հանձնախումբն առաջարկում է վերացնել ԱԺ կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվաքանակի սահմանափակումը. քննարկում ԱԺ-ում
Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի և Կառավարության աշխատանքային խմբի համատեղ նիստն այսօր մեկնարկեց փոքր-ինչ ուշացմամբ: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին մի փոքր սպասելուց հետո նիստն առանց նրա սկսվեց, քանի որ տեղեկացվեց, որ նա կուշանա կես ժամ:
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը շարունակեց ներկայացնել Կառավարության կողմից ձևավորված հայեցակարգային մոտեցումները: Նա նշեց, որ որոշ հարցերի վերաբերյալ դիրքորոշում արդեն իսկ ձևավորվել են:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ առաջարկում են վերացնել ԱԺ կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվաքանակների սահմանափակումը երեքով:
Նիստը վարողը՝ ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանը, նշեց, որ այս մոտեցումը բերելու է անկայունության: «Եթե խոսում ենք խորհրդարանական համակարգի մասին, նախկինում ընտրվել է, որ լինի համեստաբար կայուն, բայց այս համակարգը բերելու է անկայուն կառավարման»,-ասաց նա:
Հարությունյանը բացատրեց, որ եթե ինչ-որ կուսակցություն ստացել է մի քիչ ավելի պակաս քվեներ, որ միայնակ մեծամասնություն ձևավորվի, իսկ փոքր ուժերը, որոնք մեծ հեղինակություն չունեն, ստանում են 5%, կամ ինչպես առաջարկվում է՝ 4%, արդյունքում միավորվում են ընդդեմ մեծի և կոալիցիոն իշխանություն ձևավորում: «Բայց ինչքանո՞վ նրանց ձևավորված իշխանությունը կլինի կայուն, նման քայլով անկայուն քաղաքական համակարգի նախադրյալներ ենք ստեղծում»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ այսինքն՝ օրինակ 13 կուսակցություններ 4 խմբակցություններում կարող են միավորվել և դառնալ մեծամասնություն, բայց դա կայուն չի դիտվի, և փոքր ուժերից մեկի դուրս գալն ամբողջ այդ համակարգը փլուզում է: Իսկ դուրս գալու հավանականությունը, ըստ նրա, մեծ է:
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք կողմ են եղել սահմանափակումները քչացնելուն:
«Իհարկե համաձայն եմ, որ ինչքան քիչ լինեն կոալիցիայի անդամները, տարաձայնությունները քիչ կլինեն, բայց չպետք խուսափենք դրանից: Մենք պաշտպանում ենք այդ գաղափարը՝ հանել սահմանափակումները»,-ասաց նա:
ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նույնիսկ արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ 13 կամ ավելի ուժերի ձայները չորս կամ հինգ խմբակցության մեջ բաշխվեն: «Նույնիսկ արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ 45% ձայն ստացած ուժը դառնա ընդդիմություն, իսկ այն 4-5ը միավորվեն, դառնան իշխանություն, միանգամայն հնարավոր վիճակ եմ ներկայացնում»,-ասաց նա:
ԲՀԿ-ն ներկայացնող Սերգեյ Բագրատյանը նշեց, որ երկու տարբերակն էլ քննարկելի է: «Բայց չպետք է արգելափակել արհեստականորեն, որևէ սահմանափակում արդարացված չէ ազատ կամարտահայտման դեպքում, որ 45%-ոց ուժին չի կարող երեք 15 տոկոսը հաղթահարել: Իհարկե քննարկման առիթ կա մեծամասնության կայունության առումով»,-ասաց նա:
Իր կուսակցական գործընկերոջ հետ համաձայն չէր Նաիրա Զոհրաբյանը։ «Բոլորը ծրագիր են ներկայացնում, թե ինչպես են կառավարելու, այն ուժը, որ ստանում է առավելագույն քվե, նշանակում է, որ նրան են քվեով վստահում: Այս տարբերակով անհասկանալի «աջափասանդալ» կարող է դառնալ և երկիրը տանել անկայունության»,-ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչ են ուզում անել և վերջնական նպատակը որն է: «Պետք է ֆիքսենք, որ որևէ մեկի համար իշխանությունը պահելու խնդիր չլինի, որպեսզի ուրիշները չմոտենան այդ բուրգին: Մեծամասնություն ես, գնա միաձայն մեծամասնություն դարձիր: Այս ամեն ինչն անում ենք, որ ՔՊ-ն չմնա հավերժ իշխանության, նպատակը ժողովրդավարացումն է: Եթե 15%-ները միավորվեն ու 45-ին գցեն՝ թող անեն: Եթե մեկ տարի հետո ընտրություն պետք է լինի, թող անեն»,-ասաց նա:
ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ ցանկացած սահմանափակման դեմ է, եթե հիմքում արհեստական մոտեցում է: Ըստ նրա՝ սահմանափակմանը կողմ կլինի, եթե քաղաքական ուժն իրեն համարում է ընդդիմություն, ապա ընտրություններից հետո չի կարող մտնել կոալիցիա:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենք խնդիր են դնում, որ եթե ուժերը կարողանում են միավորվել՝ միավորվեն, գործը չհասցվի երկրորդ փուլի: