Նոր կառավարության քայլերն ուղված են կրիմինալ ուժերին ընտրություններից հեռու պահելուն. Աղասի Ենոքյան
Նախընտրական շեմին նոր կառավարությունը լուծում է կրիմինալ ուժերին ֆինանսներից զրկելու հարցը, որպեսզի նրանք չօգտագործեն գումար ընտրություններում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ խոսելով վերջին բացահայտումների մասին:
«Ամեն ինչ արվում է, որ ձայներ չգնեն, հանձնաժողովի անդամներ չգնեն: Բացի այդ սա ցույց է տալիս ժողովրդի անտիկրիմինալ դեպքը, որը ժողովրդին դուր է գալիս: Իշխանությունները սրանով ռեյտինգ են հավաքում: Ասում էին, թե նոր իշխանությունների ռեյտինգը կընկնի, բայց ոչ, ավելի ու ավելի է բարձրանում, ընտրությունները հետաձգելը աշխատում է նոր իշխանության օգտին»,- ասաց Ենոքյանը:
Նա ասաց, որ առաջիկայում տնտեսական բարեփոխումներ կլինեն, պարզապես նոր կառավարությունը «դեռ չի հասցնում»: «Ասվել է, որ մոնոպոլիաները կջարդեն, կգնան օլիգարխիկ համակարգի կազմաքանդման: Չեն հասցնում»,- նշեց նա:
Ըստ Ենոքյանի՝ նոր կառավարությունը բոլորի դեմ հերթով կպայքարի:
Խոսելով սահմանային լարվածության մասին՝ Աղասի Ենոքյանն ասաց, որ վիճակը չափազանց լարված է, կուտակումները հսկայական են, իսկ դրանք «ռազմական օրենքի համաձայն Հայաստանի զորքերն էլ համապատասխան լարված են դառնում»:
«Մինչև 2016թ.-ը բավական հանգիստ էին վերաբերում կյանքին, թվում էր, թե Ադրբեջանը պատերազմ չի սկսի: Բայց տեսանք հակառակը: Տեսնում ենք, որ Ադրբեջանը դիվանագիտական ասպարեզում հարցեր լուծել չի կարողանում և պետք է ուժի կիրառման մեթոդը փորձի: Որևէ երաշխիք չկա, որ դրանով կլուծի իր խնդիրները, բայց ամեն դեպքում իրենք մերժում են դիվանագիտական ճանապարհը և փորձում են հարցը լուծել ուժի սպառնալիքի միջոցով»,- շեշտեց նա: