Հայտնի է Կահիրեի օդանավակայանի մոտակայքում պայթյունի հնարավոր պատճառը
Կահիրեի օդանավակայանի շրջակայքում վառելիքով ռեզերվուարի պայթյունի պատճառը եղել է շոգ եղանակը: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Թամեր Ռիֆաին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով պայթյուն է տեղի ունեցել «Հելիոպոլիս» նավթաքիմիական ընկերության ռեզերվուարներից մեկում»,- ասել է զինված ուժերի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հաստատել է, որ Կահիրեում պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանի սահմաններից դուրս և չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհն արդեն մարվել է: Հրդեհի հետևանքով տուժել է 12 մարդ։