Ինչ են խոստանում Թուրքիայում ընտրություններին մասնակցող կուսակցությունները կրոնական փոքրամասնություններին․ «Ակօսի» անդրադարձը
Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «Ակօսը» հետաքրքրվել է, թեԹուրքիայում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում ինչ տեղ են հատկացրել հայերի, հույների, հրեաների ու այլ փոքրամասնություններին վերաբերող խնդիրներին։
Փոքրամասնությունների խնդրին իրենց նախընտրական ծրագրում անդրադարձել են ընտրություններին մասնակցող կուսակցություններից միայն երեքը՝ իշխող «Արդարություն և զարգացումը», ընդդիմադիր Ժողովրդահանրապետականներն ու քրդամետ Ժողովրդադեմոկրատականները։
Իշխող ԱԶԿ-ն նախընտրական ծրագրում շեշտել է, որ «շարունակելու են ապահովել բոլոր կրոնների ներկայացուցիչների՝ առանց խտրականության ու ազատ կերպով իրենց հավատալիքներին ու ինքնությանը համապատասխան կյանք վարելու պայմանները»։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետականները խոստանում են անդրադառնալ կրոնական փոքրամասնությունների համայնքային հիմնադրամների ու դպրոցների ունեցած խնդիրներին, սակայն որևէ մանրամասնություն այս թեմայով նախընտրական ծրագրում չի ներկայացնում։
Քրդամետ Ժողովրդադեմոկրատականներն էլ իրենց հերթին որպես առաջնային խնդիր շեշտադրում են «անցյալի հետ առերեսումը» և «պատմության ընթացքում մյուս ժողովուրդների հանդեպ իրագործված կոտորածների ցեղասպանությունների համար պետական մակարդակով ներողություն խնդրելուն ուղղված աշխատանքների կատարումը»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհդարանական ընտրությունները կանցնեն հունիսի 24-ին։