Երևանում օտարերկրացին կեսգիշերին հրավառություն է արել. ոստիկանները հայտնաբերել են կատարողին
Հունիսի լույս 21-ին, կեսգիշերից 15 րոպե անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել։
Կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Անհաղթի փողոցում հրավառություն է։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Քաղաքացու նշած վայր է մեկնել բաժնի հերթապահ խումբը։ Ձեռնարկված միջոցառումներով, կարճ ժամանակում հրավառություն կատարողները հայտնաբերվել են և հրավիրվել ոստիկանության բաժին։
Օտարերկրացի ուսանողներ են եղել։ Գիրիդարան Պասադը ոստիկաններին հայտնել է, որ ընկերոջ ծննդյան օրվա առթիվ, հնդկական խորտկարանի դիմաց, ինքն է հրավառություն կատարել։
Փաստի առթիվ իրականացվում է վարչական վարույթ։ Կազմվել է համապատասխան արձանագրություն։