Ըստ նախնական հարցումների՝ Էրդողանն առաջին փուլով չի ընտրվի, իսկ ընդդիմությունը խորհրդարանական մեծասնություն կստանա
Թուրքական «Գեզիջի» հետազոտական ընկերությունը հրապարակել է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցկացրած հարցումների արդյունքները, ըստ որոնց գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանա հաղթել ընտրությունների առաջին փուլում, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։
Ըստ նախնական հարցումների՝ Էրդողանին պատրաստ է ձայն տալ քաղաքացիների 48․2 տոկոսը, ինչը բավարար չէ առաջին փուլով ընտրվելու համար։ Էրդողանի գլխավոր մրցակից ժողովրդահանրապետական Մուհարրեմ Ինջեին է աջակցում հարցվածների 29․1 տոկոսը։
Ինչ վերաբերվում է խորհրդարանական ընտրություններին՝ հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմությանը կհաջողվի ձեռք բերել խորհրդարանական մեծամասնությունը։
Այսպես՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու նրա կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժման» կազմած դաշինքին կաջակցի ընտրողների 48․5 տոկոսը։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Երջանկություն» և «Լավ» կուսակցությունների միավորված դաշինքին աջակցում է հարցվածների 39․8 տոկոսը։ Դաշինքի մաս չկազմող ընդդիմադիր քրդամետ ժողովրդադեմոկրատները կարող են ստանալ ընտրողների ձայների 11․5 տոկոսը, ինչի արդյունքում ընդդիմությունն ընդհանուր կունենա շուրջ 51․3 ձայն և հետևաբար՝ նաև խորհրդարանական մեծասնություն։