Facebook-ը խմբերին վճարովի բաժանորդագրության փորձնական գործառույթ է գործարկել
Facebook սոցիալական ցանցը փորձարկում է նոր գործառույթ, որը թույլ կտա խմբերի ադմինիստրատորներին վճարովի մուտքի թույլտվություն սահմանել: Դեռևս բաժանորդներից վճար գանձելու հնարավորությունը գործում է միայն մի քանի խմբերում, սակայն հետագայում այդ գործառույթը կարող է ընդլայնվել, հայտնում է rbc.ru-ն:
Խմբերի համար ապրանքների հարցերով տնօրեն Ալեքս Դիվի խոսքերով՝ այժմ միջոցներ հավաքելու համար խմբերի որոշ ադմինիստրատորներ ստիպված են զուգահեռաբար ստեղծել փակ խմբեր՝ հասանելության համար գումար հավաքելով ներքին գործիքների միջոցով:
Ինչպես գրում է The Business Insider-ը, այժմ բաժանորդագրության արժեքը տատանվում է 30 դոլարի սահմաններում:
Այսպես, օրինակ՝ վճարովի բաժանորդագրություն է սահմանվել Declutter My Home խմբի համար, որի հեղինակները պատմում են տարբեր կենցաղային խորամանկությունների և տունը հարդարելու մասին: Բովանդակության հասանելության արժեքը կազմում է ամիսը 14,99 դոլար:
Ինքը՝ սոցիալական ցանցը խմբերի ադմինիստրատորներից մասնաբաժին չի գանձելու՝ ողջ եկամուտը թողնելով բովանդակության հեղինակներին: Բաժանորդներից գումար գանձել հնարավոր է լինելու հատուկ հավելվածի միջոցով: