Օսմանյան կայսրությունում պալատական լուսանկարիչը հայազգի Պողոս Թագուլյան է եղել․ թուրք ուսումնասիրողի անդրադարձը
Թուրք ուսումնասիրող Ումիթ Յուքսելը Թուրքիայում հրատարակվող մշակութային «Հայաթ» ամսագրին տված հարցազրույցում պատմել է Օսմանյան կայսրության տարիներին սուլթանական պալատում 23 տարի լուսանկարիչ աշխատած Ֆեբուս Էֆենդիի մասին, ով իրականում հայազգի Պողոս Թագուլյանն էր և անձամբ էր լուսանկարում սուլթաններին։
Ըստ Յուքսելի՝ թուրքական արխիվներում պահպանվել են Ֆեբուս Էֆենդիի հուշերը, որտեղ նա պատմել է, թե ինչպես ու ինչ դիրքով են սիրել լուսանկարվել օսմանցի առաջնորդները։
Հայազգի լուսանկարիչն իր հուշերում գրել է, որ սուլթան Աբդուլմեջիդն, օրինակ, շատ «կոկետ» էր և լուսանկարվելիս պարբերաբար հարցնում էր․ «Այսպե՞ս կանգնեմ, թե՞ այսպես»։ Իսկ ահա Աբդուլհամիդ Երկրորդն, ըստ հայ լուսանկարչի, մշտապես պահանջել է առավել լուրջ, խիստ կեցվածքով լուսանկարներ։
Իր հուշերում Ֆեբուս Էֆենդի նաև նկատել է, որ պալատական ոչ մի կին չէր լուսանկարվում և իրեն երբևէ նման խնդրով չեն կանչել։
«Միայն Էնվեր փաշան էր իր հարսանիքի ժամանակ կանչել», - գրել է հայազգի նշանավոր լուսանկարիչը։