Ընտրությունների հարցում շտապողականությունը կվնասի, Վենետիկի հանձնաժողովը գտնում է՝ ԸՕ-ն ընդունելուց հետո պիտի անցնի 1 տարի ժամանակ . Վ. Բաղդասարյան
Ընտրությունների հարցում շտապողականությունը կարող է խանգարել միջազգային մեր իմիջին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառանալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին:
«Վենետիկի հանձնաժողովը հետաքրքիր առաջարկներ է արել, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվելուց հետո մեկ տարի ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը նախապատրաստվեն: Եթե թույլ չտան ուժերին նախապատրաստվել, դա կարող է վնասել մեր հեղինակությանը»,-հայտարարեց Վահրամ Բաղդասարյանն ու ավելացրեց, որ տեխնիկապես հնարավոր չի համարում, որ ընտրությունները լինեն այս տարի:
Նա նշեց, որ հետևություններ անելով՝ ցանկացած ընտրություններից հետո միշտ Ընտրական օրենսգիրքը փոփոխման ենթակա է՝ դասեր քաղելու համար նախորդ ընտրություններից:
«Մենք նախատեսում ենք, որ նույն խողովակով, որ նախորդ օրենսգիրքն ենք մշակել, այդ նույն խողովակով մենք պետք է քննարկենք հաջորդը»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ հետագա մշակումների համար «ճանապարհային քարտեզ» կլինի, որից հետո կդիմեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողով»: