ԲԴԽ-ն հորդորում է դատավորներին համահունչ վարքագիծ դրսևորել քաղաքացիների հետ շփումներում, սոցիալական ցանցերում
Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տալիս դատավորի թեկնածուների և դատավորների անձնական և բարոյական որակներին, որոնք զետեղված են Դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված հետևյալ փաստաթղթերում.
· Դատավորների Անկախության Եվրոպական չափորոշիչները
· Դատավորներին և Դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները
Այս մասին ասվում է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Քաղաքացիների կողմից Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումներում հաճախ է շոշափվում առանձին դատավորների կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հանգամանքը:
Ելնելով հիշյալ փաստաթղթերում սահմանված չափորոշիչներից՝ Բարձրագույն դատական խորհուրդը հորդորում է բոլոր դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին.
1. Իրենց գործունեության մեջ և հանրային պահվածքում հետևողականություն դրսևորել վերոհիշյալ չափանիշերին համահունչ վարքագծի կանոնները պահելու հարցում, քաղաքացիների հետ շփումներում և սոցիալական ցանցերում դրսևորել դատավորի վարքագծից բխող պահվածք՝ չմոռանալով, որ դատավորն այն անձն է, ով սահմանադրորեն լիազորված է հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:
2. Իրենց անձին վերաբերող հանրային հնչեղություն ունեցող ցանկացած հարցադրման վերաբերյալ ունենալ համարժեք մոտեցում և արձագանք:
3. Բարձրագույն դատական խորհրդի միջամտությունը պահանջող հարցերով դիմել Խորհրդին:
Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորել է Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատող խումբ, որը, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է շուրջօրյա մշտադիտարկում՝ դատական իշխանության վերաբերյալ ԶԼՄ-ների տարբեր հաղորդագրությունների առնչությամբ, և դրանց կարևորությունից ու հիմնավորվածությունից ելնելով՝ արձագանքում»,-ասված է հաղորդագրության մեջ: