Որակ, արդյունավետություն, կիրառականություն. Տնտեսագիտական համալսարանում քննարկվել է բուհի 2018-2013 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանի, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, վարչական ստորաբաժանումների ղեկավարների, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի և ուսանողների մասնակցությամբ ՀՊՏՀ-ում այսօր կայացել է ՀՊՏՀ 2018-2023 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի ընդլայնված քննարկում:
Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ներկայացվել է ծրագրի նախագիծը՝ բաց քննարկման հրավիրելով համալսարանի կոլեկտիվին` լսելու նրանց մոտեցումները, առաջարկությունները և մտահոգությունները:
Բացման խոսքով հանդես է եկել համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ներկայացնելով կատարված աշխատանքները՝ միաժամանակ ընդգծելով, որ սույն ռազմավարության մշակումը ՀՊՏՀ ռեկտորատին հանձնարարվել էր ՀՊՏՀ խորհրդի այս տարվա հունվարի 19-ի նիստում:
Ռեկտորի խոսքով՝ սույն ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով բարձրագույն կրթության համակարգում առկա և սպասվող մարտահրավերները, գերնպատակ ունենալով կրթության որակի բարձրացումն ու ֆինանսական կայունության շարունակական ապահովումը: «Այս որոշման կատարման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի, ՀՊՏՀ մասնագիտացման հատվածի և մեր համալսարանի գործունեության համալիր վերլուծության արդյունքների ամփոփմամբ մշակել է ռազմավարություն:
Մեր կարծիքով, այն մշակվել է ապագայում կիրառական գիտելիք տվող մրցունակ բուհի տեսլականի շեշտադրմամբ: Հարկ եմ համարում նշել, որ սույն ռազմավարությունը միանգամայն իրատեսական է, քանի որ դրա մշակումը խարսխվել է բարձրագույն կրթության ոլորտում և հատկապես տնտեսագիտական մասնագիտություններին տրվող նախապատվությունների բնագավառում ընթացող վերափոխումների ամենավատատեսական սցենարի պարագայում մեր բուհի հնարավորությունների արդյունավետ օգտագործման վրա»,- հայտարարել է համալսարանի ռեկտորը:
Նա անդրադարձել է ռազմավարության առանցքում առկա երեք կարևոր բաղադրիչներին, որոնք են՝ որակը, արդյունավետությունը և կիրառականությունը, ուստի բուհի ղեկավարը հույս է հայտնել, որ ծրագիրը կստանա համալսարանի ամենակարևոր շահառուների՝ ուսանողների և գործընկերների աջակցությունը:
Կորյուն Աթոյանի ելույթն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Այնուհետև աշխատանքային խմբի անդամ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ծրագիրը, նշել է, որ այն կառուցվել է բազմաթիվ հարցումների, ուսումնասիրությունների հիման վրա, անդրադարձ կա համալսարանի գործունեության բոլոր ուղղություններին և զարգացման առանցքում որակի բարելավումն է: Հետազոտությունը նախապես, մինչ հանրային լայն քննարկմանը ներկայացվելը, հրապարակվել էր ՀՊՏՀ պաշտոնական կայքում, որին ծանոթանալու համար առաջարկում ենք այցելել այստեղ:
Ներկաները հանդես են եկել հարցադրումներով, առաջարկներով, որոշ հարցերի առնչությամբ դիտողություններով: Ուսանողների մոտեցումները բարձրաձայնել են նաև «ՀՊՏՀ Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Անի Ղազարյանը, ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը:
ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը, ով ևս հարցերի և ելույթների առնչությամբ ներկայացրել է համալսարանի ղեկավարության մոտեցումները, ընդգծել, որ սա ընդամենը բուհի զարգացման տեսլականի քննարկման մեկնարկն է, քանի որ հստակ է՝ համալսարանին հարկավոր է զարգացման նոր կուրս, իսկ առկա ծրագրում կան չափանիշներ, մոտեցումներ, զարգացման բոլոր ուղղությունների վերաբերյալ կառուցակարգեր:
«Սա ընդամենը ծրագրի նախագծի ներկայացումն է համալսարանական հանրությանը, պարզապես կարևոր այն ընդգծմամբ, որ գլխավորը զարգացումն է՝ միայն ու միայն որակի հաշվին»,- հայտարարել է Վաչե Գաբրիելյանը: Նրա առաջարկի համաձայն՝ կոլեկտիվը, ուսանողները իրենց մոտեցումներն ու առաջարկությունները մինչև այս ամսվա ավարտը գրավոր կներկայացնեն «Ամբերդ» կենտրոն, ամռանը ծրագիրը կլրամշակվի և նոր ուսումնական տարում կդրվի քննարկման: