Մերկելը կայցելի Լիբանան ու կքննարկի տնտեսությանն ու փախստականներին վերաբերող հարցեր
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 20-22-ը պաշտոնական այցով կգտնվի Հորդանանում և Լիբանանում: Այս մասին հայտնում է Tagesschau հեռուստաալիքը:
Նշվում է, որ այցի ժամանակ կանցլերին կուղեկցեն Բունդեսթագի պատգամավորները և մի խումբ գործարարներ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Հորդանանում Մերկելը կայցելի Գերմանա-հորդանանյան համալսարան ու հանդիպում կունենա ուսանողների հետ: Այնուհետև կանցլերը բանակցություններ կունենա Աբդալլա Երկրորդ թագավորի հետ:
Ինչպես անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը, հանդիպման առանցքային թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև՝ իրավիճակը տարածաշրջանում:
Դրանից բացի, Հորդանանում Մերկելը կհանդիպի Բունդեսվերի՝ Գերմանիայի Զինված ուժերի զինծառայողների հետ, որոնք երկրում են գտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար՝ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակում:
Լիբանանում կանցլերը բանակցություններ կունենա վարչապետ Սաադ Հարիրիի հետ ու կմասնակցի իր պատվին տրված ընթրիքին: Դրանից բացի, Մերկելը կայցելի դպրոցներ, որտեղ սովորում են լիբանանցի, ինչպես նաև՝ սիրիացի փախստականների երեխաները: Այնուհետև նա կհանդիպի Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ:
Մերկելը մտադիր է Հարիրիի հետ մասնակցել տնտեսական հարցերով կլոր սեղանի: Այցի շրջանակում նա կհանդիպի նաև Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Նա մտադիր է Լիբանանում քննարկել այդ երկրի տնտեսությանն օգնության վերականգնման, ինչպես նաև՝ փախստականների հարցը։