Թուրքիան պետք է հարգի Իրաքի տարածքային ամբողջականությունը․ Իրաքի վարչապետ
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ երկրի հյուսիսում թուրքական օդուժի իրականացրած գործողություններն իրենց հետ չեն համաձայնեցվել ու համակարգվել։ Աբադին կոչ է արել Թուրքիային հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունը, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Հիշեցնենք, որ թուրքական ԶՈւ-ն օրեր շարունակ հրթիռակոծել է իրաքյան Քանդիլում գտնվող քուրդ զինյալների դիրքերը։
Իրաքի վարչապետը նշել է, որ իրենք պայքարելու են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ՝ կանխելով երկրի տարածքում ցանկացած օտարածին զինված ուժի գործունեության ծավալումը։
«Մենք թույլ չենք տա ՔԱԿ-ին ծավալվել մեր երկրի տարածքում, քանի որ այն ամբողջությամբ օտար ուժ է։ Սակայն, միևնույն ժամանակ, Թուրքիան պետք է հարգի Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Աբադին։