Հասանովի հայտարարություններն ապացուցում են, որ Ադրբեջանն անում է համանախագահների կոչերի և հորդորների ճիշտ հակառակը․ Տ. Բալայան
Զաքիր Հասանովի հայտարարություններն ապացուցում են, որ Ադրբեջանն անում է համանախագահների կոչերի և հորդորների ճիշտ հակառակը: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին, թե իրենց նպատակն է նախապատրաստել բանակը պատերազմի:
«Հասանովի հայտարարությունները հաստատում են մեր այն ասածները, որ այն, ինչ մենք ենք ասում, ասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ հարկավոր է ստեղծել պայմաններ բանակցությունները տանելու համար, Ադրբեջանն անում է լրիվ հակառակը: Այսինքն՝ նորից սպառնալիք, նորից սուր ճոճել․․․ Նման ձևով գուցե ցանկանում են ճնշում բանեցնել, որը նրանց չի ստացվի, որն ի սկզբանե տապալված, անհաջող փորձ է՝ միգուցե էժան հեղինակություն ձեռք բերելու համար: Դա նորություն չէ, մշտապես ասվել է և միշտ էլ այդ փորձերը ձախողվել են: Սա խոսում է ադրբեջանական կողմի այն ապակառուցողական դիրքորոշման մասին, որին մենք ականատես ենք, ցավոք սրտի, շատ երկար ժամանակ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը, հայտարարել էր, թե նախագահ Իլհամ Ալիևն իրենց առջև խնդիր է դրել՝ ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողություններին:
«Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար, և այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել «օկուպացված տարածքները»: Բանակը պատրաստ է նաև հոգեբանորեն»,- ասել է Հասանովը, թվարկելով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի «ձեռքբերումները»: Հասանովը, մասնավորապես, պնդել է, թե «ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք»: