Պատրաստ ենք Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին. Ա. Ռուստամյան
Մենք պատրաստ ենք «Ընտրական օրենսգրքի» շուրջ քննարկումներին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա շեշտեց, որ իրենց կուսակցության համար ռեյտինգային համակարգի վերանայման հարցը առաջնային է համարվում:
«Մենք ռեյտինգից ընդհանրապես հրաժարվելու հարցը չենք դնում, պարզապես ռեյտինգի կիրառումն անձնավորված, դասական տրամաբանության մեջ իրականացնելու կողմնակից ենք։ Դա ենթադրում է բաց ցանկերով քվեարկություն ամբողջ հանրապետությունում։ Սա ամենաժողովրդավարական տարբերակն է։ Ընտրողը ոչ միայն կուսակցությանն է ընտրում, այլև այդ ցուցակում իր նախընտրած անձին։ Այսպիսով՝ կուսակցությունը չի որոշում հերթականությունը, թե ով պետք է անցնի, այլ ժողովուրդն է որոշում՝ մանդատները կուսակցության մեջ ում տրվեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է «Ընտրական օրենսգրքում» այլընտրանքին տարբերակ առաջարկվող փակ ցուցակներին, Ռուստամյանն ասաց, որ 2 տարբերակն էլ իրենց համար ընդունելի է. «Ավելի ժողովրդավարական է վերը նշվածը, որովհետև փակ ցուցակի դեպքում մարդն ընտրում է ցուցակը և այլևս չունի հնարավորություն ցուցակի դասավորության մեջ միջամտություն կատարելու»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն մնա իր դիրքորոշմանը և հրաժարվի ռեյտինգային համակարգը փոխելու առաջարկից, Ռուստամյանը պատասխանեց, որ այդ դեպքում ՀՀԿ-ն կարող է հայտնվել մեկուսացման մեջ։
«Մենք առաջակում ենք տարբերակ, որը ընդունելի է բոլորի համար՝ ռեյտինգայինից ամբողջությամբ չենք հրաժարվում, այլ դասական ռեյտինգայինն ենք կիրառում։ Ընտրությունը՝ անձի հետ կապված, կատարվում է ամբողջ հանրապետությունով, ոչ թե առանձին վերցրած տարածքներով։ Այս դեպքում կարևորվում են քաղաքական անձինք, այլ ոչ թե տարածքում որոշակի հեղինակություն ունեցողները»,- հավելեց Արմեն Ռուստամյանը։
Ռուստամյանն, արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀԿ-ն նախկինում էլ ռեյտինգային ընտրակարգը պաշտպանել է, հիմա արդյոք հետ կկանգնի որոշումից, ասաց.«Կարծում եմ՝ այս հարցում եթե փորձի Հանրապետականը պահպանել նույն պահանջը՝ ռեյտինգային ընտրակարգը պահելու, կհայտնվի մեկուսացման մեջ, և չեմ կարծում, որ դա իրենց համար նախընտրելի է»:
Ռուստամյանը կարևոր է համարում, որ հետընտրական զարգացումների ժամանակ ընտրության մասնակցածներն ունենան այնպիսի մեխանիզմներ, որով կարողանան ոչ միայն արձանագրել կեղծիքները, այլ նաև դրա ծավալը. «Հանձնախմբի հետ հանդիպել ենք, նրանց առաջարկները տրամաբանական են, և մոտեցումներն էլ հիմնականում ընդունելի են: Պատրաստ ենք քննարկել բոլոր ողջամիտ առաջարկները, ավելորդ հապճպություն այս հարցում պետք չէ, սա սահամանդրական օրենք է, և պետք է հասնել կոնսենսուսով փոփոխության: Քաղհասարակույունն էլ պետք է ընդգրկվի, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերը կարող են դերակատար լինել, որովհետև նրանք կարող են մասնակցել ապագա ընտրություններին, և նրանց անտեսել չի կարելի»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ ԸՕ-ի փոփոխություններից հետո միայն կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին: Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն ունի նաև առանձին առաջարկ:
«Մենք գտնում ենք՝ քանի որ ոստիկանությանը նախատեսվում է տալ հատուկ լիազորություններ, և պետք է ստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը պետք է ընտրական իրավունքը վերահսկի, առաջնահերթ է դառնում ոստիկանության ենթակայության հարցը փոխելը: Այսօր ոստիկանությունն անմիջապես ենթակա է վարչապետին, վարչապետը ով էլ լինի, քաղաքակն ուժ է ներակայցնելու և չի կարող այս գործընթացում մեկի ենթակայության տակ լինել, ով ունի շահգրգռվածություն, ուստի պետք է սա փոխել, այն հանել վարչապետի ենթակայությունից և դնել կառավարության ենթակայության տակ»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը: