Հնդկաստանում բեռնատարը բախվել է հուղարկավորության գնացող ավտոմեքենային. կա 15 զոհ ու 6 տուժած (լուսանկարներ)
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Մորենա քաղաքում բեռնատարը բախվել է Jeep մակնիշի ավտոմեքենային, որը հուղարկավորության էր գնում հարևան գյուղ: Միջադեպի հետևանքով մահացել է 15 մարդ, ևս 6-ը վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես նշում է Indiatvnews.com-ը, բեռնատարի վարորդը փախուստի է դիմել ՃՏՊ-ի վայրից: Ավելի ուշ իրավապահներն ավազ են հայտնաբերել նրա թափքի մեջ, որն ապօրինի կերպով վերցվել է նահանգի տաճարներից մեկի տարածքից:
Դեռևս անհայտ է՝ ինչու վարորդին չի հաջողվել կառավարել փոխադրամիջոցը: Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը մենակ է եղել բեռնատարում, իսկ բոլոր զոհերն ու տուժածները Jeep-ի ուղևորներն են եղել:
Անհայտ է՝ ինչպես է 21 մարդ տեղավորվել Jeep-ի մեջ, սակայն ենթադրվում է, որ ամենագնացը կցասայլ է ունեցել: Միջադեպի հանգամանքները պարզվում են: