ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է օդանավակայանում՝ բորտուղեկցորդուհուն վիրավորելու համար
Ֆլորիդայի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է տղամարդը, որը թռիչքի ժամանակ վիրավորել է բորտուղեկցորդուհուն: Այս մասին հայտնում է Boarding Area-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել American Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը Ֆիլադելֆիայից ուղևորվում էր Ֆորտ Մայերս Բիչ:
Նշվում է, որ 82-ամյա Ալեքսանդեր Գրեգորին զուգարանից վերադառնում էր ու պատրաստվում նստել իր նստատեղում, սակայն ըմպելիքներ բաժանող բորտուղեկցորդուհին փակել էր նրա ճանապարհը: Այդ պահին տղամարդը հարվածել է նրա մեջքին ու սկսել վիրավորել նրան: Աղջիկը խնդրել է նրան դադարել վիրավորել իրեն, սակայն զայրացած ուղևորը շարունակել է հայհոյել:
«Դու չաղ ես: Դու չափազանց հսկայական ես այս աշխատանքի համար», - ասել է տղամարդը՝ անցնելով նրա կողքով:
Վայրէջքից հետո տղամարդը ձերբակալվել է ծեծի ենթարկելու և ինքնաթիռի անձնակազմի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքով: Ավելի ուշ նա ազատ է արձակվել հազար դոլար գրավի դիմաց, իսկ դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 26-ը: