Ներկա իշխանական թիմը շատ թանկ է վճարելու կուտակայինի որոշման համար, երբ հեղափոխության ոգևորությունն անցնի. Հ. Բալանյան
Ցանկալի է, որ Կառավարությունը կուտակային կենսաթոշակային համակարգին միացած քաղաքացիների գումարների 70 տոկոսը ներդնի տնտեսության իրական հատվածի մեջ, ցույց տա քաղաքացիներին, թե իրենց փողն ինչպես է աշխատում երկրի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը: «Սահմանված պարտադիր 70 տոկոս ներքին ներդրումների համար պիտի պատասխանատու լինի մեր պետությունը, և ոչ մի կարիք չկա այդ գումարներից փայ վճարել դրսի կազմակերպություններին մեր իսկ տնտեսության մեջ ներդրումներ անելու համար»,- նշեց նա:
- Պարո՛ն Բալանյան, կառավարությունը հունիսի 11-ի նիստում հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը թեև առաջարկել էր 1 տարով հետաձգել նախագծի ընդունումը, բայց այն հաստատվեց, որից հետո էլ Թանդիլյանը հրաժարական տվեց: Ի՞նչ եք կարծում՝ իսկապե՞ս հնարավոր չէր պարտադիր բաղադրիչը փոխարինել կամավորով, կամ գոնե մեկ տարով հետաձգել՝ քննարկումներ սկսելու համար:
- Կարծում եմ, որ հնարավոր էր. իշխանությունն ունի մեծ ներքին և արտաքին վարկանիշ, իսկ նախկին վարչակարգի կոռուպցիոն գործելաոճը նույն միջազգային կառույցներին կաշկանդում է իրենց հիպոթետիկ հակաքայլերում: Առավել մտահոգիչ է, որ որոշումն ընդունվեց ընդհանուր տնտեսական, այդ թվում՝ հարկային, սոցիալական ծրագրերի բացակայության պայմաններում, և հետագա բարեփոխումներն արդեն ստիպված տեղավորվելու են կուտակայինի փաստի ընդունման անհրաժեշտության հետ:
Վստահ եմ, որ իշխանությունն ուներ քաղաքական ու իրավական պաշար այդ որոշումը առնվազն հետաձգելու, և իր հեղափոխական, նոր ձևավորված կարգավիճակը լիովին լեգիտիմ ու ընկալելի կդարձներ այդպիսի որոշումը դրսի համար:
Կարծում եմ՝ հին ապարատի դեմքերը, որոնք և այժմ կան այս կառավարության կազմում, իրենց բացասական դերը խաղացին որոշման լոբբինգի մեջ:
- Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ 2014 թ.-ից համակարգին միացած քաղաքացիների գումարները՝ 120 միլիարդ ՀՀ դրամն արդեն տեղաբաշխված է, որից 70 տոկոսը՝ Հայաստանում: Արծվիկ Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հայտնի բանավեճին նախարարը մտահոգություն էր հայտնել այդ գումարների տեղաբաշխվածության առումով։ «Դրանցից ո՞ր մասն է, որ մեր տնտեսության համար իրական օժանդակություն է և երկարաժամկետ առումով կարող է առաջընթաց ապահովել»,- ասել էր Մինասյանը: Տեղյա՞կ եք՝ այդ 70 տոկոսը որտեղ, որ ոլորտներում է ներդրվել, արդյունավետ տեղաբաշխումնե՞ր են, թե ոչ:
- Հավանաբար Արծվիկ Մինասյանն ավելին գիտի, քան մենք, և ցանկալի է, որ այդ թվերը հրապարակվեն: Վստահ եմ, որ Արծվիկ Մինասյանն իր իմացածի մեջ վստահություն չունենալով՝ կառավարության նիստին նման հայտարարություն չէր անի: Հուսով եմ, որ թափանցիկության քաղաքականության ներքո կառավարությունը կհրապարակի այդ տեղեկությունները:
- Կառավարությունից հայտարարում են, որ եթե նախկինում վստահության խնդիր կար, ապա ներկայիս կառավարությունը լեգիտիմ է, ինչը բավարար հիմք է, որ պետության նկատմամբ վստահություն լինի: Օրենքի ընդդիմախոսները, սակայն, պնդում են, որ կուտակային կենսաթոշակային օրենքը չի փոխվել և բոլոր անհանգստացնող դրույթները շարունակում են մնալ: Մասնավորապես, «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանի խոսքով՝ պետությունը չի կարողանալու 40 տարի հետո վերադարձնել գումարները, քանի որ երաշխավորված չէ, թե ՀՀ-ն ինչ իրավիճակում է լինելու:
- Ես մեկ հանգամանք միայն հավելեմ: Հայկական դրամը գերարժևորված է, ըստ տարբեր տնտեսագետների՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ իրական փոխարժեքը պիտի կազմի 630-650 դրամ, ոչ թե 480-485: Առանց դրամի դևալվացիայի՝ մեր տնտեսությունն ուղղակի չի շնչի, ներքին արտադրությունը կամ արտահանումը չի ընդլայնվի, հետևաբար՝ աշխատատեղերը չեն ավելանա: Այդ հարցը վաղ թե ուշ լուծվելու է այս կամ այն ձևով:
Եվ նման պարագայում, ես կուզենայի տեսնել հաշվարկներ, թե ինչպիսի բեռ է դառնալու բյուջեի վրա պետական մասնաբաժինը և ինչպես են ինդեքսավորելու այդ գումարները, և ինչքան հավելյալ եկամտահարկ պիտի պահեն, որ հետո էլ հավաքվածի 30 տոկոսը ուղարկեն դուրս ու այդ երկու օպերատորներին էլ շահույթ ապահովեն:
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ հակասությունների Ձեր լուծման տարբերակը ո՞րն է, ի՞նչ պետք է անի պետությունը՝ կուտակային համակարգը գրավիչ դարձնելու, ժողովրդի մոտ վստահություն ունենալու համար:
- Շատ դժվար խնդիր է, որովհետև 2013-2014թ.-ից սկսած այդ համակարգի համակրելիությունը կամ գրավչությունը ներկայացնելու հանրային բանավեճում նախկին իշխանությունն անհույս պարտվեց, ընդ որում պարտվեց հենց այս իշխանությունը ներկայացնող մարդկանց:
Այդ հանրային բանավեճում հենց այսօրվա իշխանավորները ջախջախեցին պետական պաշտոնյաների փաստարկները, և այժմ միակ փաստարկը, որ ներկայացվում է հանրությանը՝ անդառնալիության, անշրջելիության փաստարկն է, որը նույնպես չի ընկալվում, քանի որ կուտակային համակարգի բացասական իմիջը նույնպես անցել է անդառնալիության կետը:
Նաև այդ համակարգի օգուտները մարդիկ զգալու են տասնամյակներ հետո, իսկ վճարումներն անում են ներկայում, ընդ որում՝ անիմաստ բարձր եկամտային հարկի դրույքաչափի պայմաններում:
Քանի դեռ այս կառավարությունը վայելում է հանրության աջակցությունը՝ քննադատությունը մեծ չի լինի, բայց ոգևորությունը անցնելուն պես կհիշեցնեն, ու ներկա իշխանական թիմը շատ թանկ է վճարելու այս որոշման համար:
Իսկ անելիքների մեջ կառանձնացնեի մի քանի խնդիր, որ պիտի լուծվեր:
Առաջինը՝ խտրականության վերացումը՝ մինչև 1974թ. ծնվածներ, որոնք զրկված են այդ համակարգին միանալու հնարավորությունից, 1996 թվականից հետո ծնվածներ, որոնց կուտակային վճարները նվազեցվում են հարկվող եկամտից, պետական ծառայողներ, որոնց ստիպողաբար են միացրել այդ համակարգին, այդ խտրական դասակարգումը պիտի վերանա: Համակարգը պիտի լինի ունիվերսալ, համապարփակ ու հավասար բոլոր քաղաքացիների համար: Կամ էլ՝ 1974թ.-ից առաջ ծնված, ոչ մասնակից անձանց համար, որոնք պետությունից չեն ստանում այդ 5 կամ 7.5 տոկոս կենսաթոշակային ներդրումը, պիտի եկամտային հարկը նվազեցվի նույն չափով: Լուծումներ պետք է գտնել:
Երկրորդը՝ սահմանված պարտադիր 70 տոկոս ներքին ներդրումների համար պիտի պատասխանատու լինի մեր պետությունը, Ֆինանսների նախարարությունը, կամ հատուկ մարմինը, և ոչ մի կարիք չկա այդ գումարներից փայ վճարել դրսի կազմակերպություններին մեր իսկ տնտեսության մեջ ներդրումներ անելու համար:
Եվ ցանկալի է, որ կառավարությունը այդ 70 տոկոսը ներդնի տնտեսության իրական հատվածի մեջ, ցույց տա քաղաքացիներին, թե իրենց փողը ինչպես է աշխատում երկրի համար, ինչ ձեռնարկություններ են ստեղծվում, ինչ շահույթ են ստանում: Նման խնայողական, ավելորդ ծախսերը վերացնող քայլը նաև ցույց կտա մարդկանց, որ կոռուպցիոն սխեմա չկա, և պետությունը ցանկանում է նվազեցնել հավելյալ ծախսերը, որոնք ի վերջո վճարվում են մարդկանց եկամտից:
Չնայած, կարծում եմ, որ գրավչության հիմնական խթանն այնուամենայնիվ կմնա տնտեսական, սոցիալական վիճակը: Եթե մարդկանց կենսամակարդակը բարձրանա, իսկ եկամտային հարկի դրույքաչափերը գան մեղսունակ մակարդակի, հնարավոր է՝ տարիների ընթացքում մարդիկ մերվեն այդ համակարգի հետ: Եթե տնտեսական վիճակը չբարելավվի, ապա այդ համակարգը մնալու է ընդմիշտ քննադատության թիրախ, ու առաջին իսկ ֆինանսական ճգնաժամի դեպքում առաջինը հարվածի տակ կհայտնվի: