Մակեդոնիայի նախագահը հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության մասին փաստաթուղթը
Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը հրաժարվել է ստորագրել Սկոպյեի և Աթենքի միջև կնքվելիք պայմանագիրը երկրի անվանափոխության մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Նման վնաս հասցնող պայմանագիրը, որը եզակի է մարդկության պատմության մեջ, ինձ համար անարժան և անընդունելի է: Դրանով խախտվում են սահմանադրությունը, օրենքները, կործանվում են պետական ինստիտուտները: Ես չեմ օրինականացնի քաղաքական ինքնագործունեությունը», - հայտարարել է երկրի ղեկավարը ժողովրդին ուղղված ելույթում:
Նա նաև կոչ է արել վերջ դնել երկրի ռազմավարական նպատակները շահարկելուն, ինչպիսին են անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:
Իվանովն ընդգծել է, որ իր դիրքորոշումը չի փոխի «որևէ ճնշում, շանտաժ և սպառնալիք»:
«Չեմ աջակցի և չեմ ստորագրի պայմանագրի՝ նմանօրինակ վնաս հասցնող տեքստի տակ», - շեշտել է երկրի ղեկավարը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի հայտնի էր դարձել, որ երկու երկրի վարչապետները համաձայնության էին եկել Մակեդոնիայի պաշտոնական անվանման հարցում: Առաջարկվել էր օգտագործել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն տարբերակը: