Արսեն Բեգլարյանը հեռացել է «Ալաշկերտից». փոփոխություններ թիմում
Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» մի շարք փոփոխություններ է կատարել թիմում:
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերը դարպասապահ Արսեն Բեգլարյանի, կիսապաշտպաններ Խորեն Վերանյանի, Դավիթ Մանոյանի, հարձակվողներ Մարկո Յորդանի, Սանի Օմորեջիի հետ, վարձակալական պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ռուսաստան են վերադարձել Ռուստամ Վազիտդինովը, Սերգեյ Սերչենկովը և Ալեքսանդր Շչերբակովը:
Տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը համալրել են դարպասապահ Հենրի Ավագյանը և կիսապաշտպան Սարգիս Շահինյանը:
Նախօրոք արդեն տեղեկացրել էինք, որ Շահինյանը մարզվում է «Ալաշկերտի» հետ ու մոտ օրերս պայմանագիր կկնքի թիմի հետ: Կենտրոնական կիսապաշտպանի վերջին թիմը բուլղարական «Մոնտանան» էր, որի կազմում նա հանդես էր գալիս ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսում:
Հենրի Ավագյանը հանդես է եկել «Միկայում» և «Բանանցում», իսկ վերջին շրջանում հանդիսանում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահը: