Արցախում նախատեսված հանրահավաքից առաջ ոստիկանությունը փակել է Վերածննդի հրապարակը (տեսանյութ)
Արցախի Վերածննդի հրապարակը նախատեսված հանրահավաքից առաջ շրջափակվել է ոստիկանական ուժերով: Ստեփանակերտի բնակիչները ֆեյսբուքյան իրենց էջերում լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել այս մասին:
Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը գրել է, որ այսօր 17:00-ին նախատեսված հանրահավաքից առաջ իրենց ասել են, որ հավաքն արտոնված չէ:
Այնինչ, ըստ նրա, Արցախում հավաքների մասին օրենք չկա:
«Հավաքների ազատությունը ամրագրված է Սահմանադրությամբ: Քաղաքապետարանի կողմից ընդունված որևէ ենթաօրենսդրական ակտ չի կարող խոչընդոտել իմ սահմանադրական իրավունքների իրացմանը: Եթե քաղաքապետարանի կողմից ընդունված որոշումը հիմք ընդունելով՝ ոստիկանությունը փորձի խոչընդոտել մեր հավաքի անցկացմանը, դա հստակ պրովոկացիա է լինելու, և անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանությունների վրա»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ նա տեղեկացրել է, որ կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանի հետ այսօր հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետի ու ավագանու հետ, որպեսզի քննարկեն հանրահավաքի հետ կապված հարցերը:
«Հայկը քաղաքապետին ներկայացրել է հիմնավորումներ, թե ինչու մենք քաղաքապետարանից հանրահավաք անցկացնելու թույլտվություն չենք խնդրել: Առաջին՝ մենք տարիներ շարունակ գրավոր դիմումներ էինք ներկայացնում քաղաքապետարան՝ խնդրելով մեզ տրամադրել տարածք հավաքի համար: Մի անգամ նույնիսկ գրավոր դիմումի մեջ նշել էինք, որ պատրաստ ենք հանրահավաք անել քաղաքապետարանի կողմից նշված ցանկացած վայրում ու ցանկացած օր: Սակայն մեր բոլոր գրավոր դիմումները մերժվել են: Երկրորդ՝ մենք անիմաստ ենք համարում հավաքի անցկացման թույլտվություն խնդրել մի պաշտոնյայից, ով մի քանի տարի առաջ բառացիորեն ասել է. «էդ օրենքներին մի՛ խաբվեք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նախատեսված հանրահավաքը պայմանավորված էր վերջին իրադարձություններով՝ կապված ԱԱԾ աշխատակիցների և բնակիչների միջև վեճի հետ, որի արդյունքում պետական պաշտոններում փոփոխություններ տեղի ունեցան: «Ազգային վերածնունդը» հրավիրել էր հանրահավաքի՝ քննարկելու ճգնաժամային իրավիճակից դուրս գալու մոտեցումները:
Տեսանյութը՝ Մարութ Վանյանի ֆեյսբուքյան էջի: