Կցանկանայի բարոյական փոխհատուցում ստանալ պետությունից. «Ա1+»-ի տնօրեն (տեսանյութ)
«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն այսօր քննարկման ժամանակ անդրադարձավ «Ա1+»-ին եթեր տրամադրելու հնարավորությանը և այդ հարցը Ազգային ժողովում պատգամավորների կողմից բարձրացնելուն։
Նա նախ նշեց, որ մի քիչ զարմացած և շոյված է, որ Ազգային ժողովում կրկին հիշել են «Ա1+»-ի մասին և բարձրաձայնել խնդիրները։
«Փոխհատուցումը միայն գումարային չեմ պատկերացնում, փոխհատուցումը մի քիչ էլ բարոյական է լինում: Ես սկզբնական կուզենայի բարոյական փոխհատուցում ստանալ պետությունից, ոչ թե կառավարությունից, որը ժամանակին մեծ սխալներ է թույլ տվել մամուլի դաշտում, որից հետո կանդրադառնանք ֆինանսական և եթերազրկման հարցերին»,-ասաց նա:
Նա նշեց, որ այսօր ամբիոնից ոչ միայն «Ա1+»-ի խնդիրն է բարձրացվել, այլ ընդհանուր մամուլի խնդիրը:
«Մեր օրինակի վրա երևի բարձրացվել են ազատ խոսքի, աշխատաձևի, որակի և տեխնիկական սպասարկման որակի խնդիրները, զուգահեռ քննարկվում էին այդ խնդիրները, դրա համար ես այդ ամենը վերագրում եմ դրան»,-ասաց նա և նշեց, որ չի պատկերացնում, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն:
«Կառավարության համար բավականին դժվար խնդիր է «Ա1+»-ի խնդիրը. չկան մրցույթներ , չկա ֆինանսավորում, և այդ հատուցումներն ինչպես են լինելու՝ ես չեմ պատկերացնում»,-ասաց նա:
Նշենք, որ ԱԺ-ում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն անդրադարձավ «Ա1+»-ի խնդրին՝ հայտարարելով, որ հնարավորություն պետք է տրվի հեռուստաընկերությանը եթեր վերադառնալ: