Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի բանկերի վրա ժամկետանց վարկերի զիջումները բեռ չմնա. Ն. Երիցյան
Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը մինչ հարց կուղղեր Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին, նկատեց, որ այժմ կառավարությունը ԿԲ-ի հետ համագործակցելով ջանքեր է գործադրում, որպեսզի ներեն տարբեր ժամկետանց վարկերի տույժ-տուգանքներ, ինչպես նաև սրբագրվեն վարկային պատմությունները:
«Ինչո՞ւ հնարավորություն չկար նախորդ ժամանակահատվածում դա անել, խնդիրը քաղաքակա՞ն էր, թե՞ պրոֆեսիոնալ»,-հարցրեց նա:
Ներսես Երիցյանն ասաց, որ հարցը ԱԺ-ում առաջիկայում կներկայացվի և բովանադակային կքննարկվի: «Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հնարավոր չէ՞ր ավելի վաղ անել, պետք է ասեմ, որ այդ հարցը մշտապես քննարկվել է, ուղղակի պետք էր հասունանար հարցը: Բացի այդ կա հարկման խնդիր, որը բանկերին վնասներ էր հարուցում, հիմա կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով տալիս են նաև այդ քաղաքական և օրենսդրական լուծումները, որ բանկերի վրա այդ զիջումները բեռը չմնա: Հիմա դա հնարավորություն կտա, որ բանկերը զիջման գնան»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Մելքումյանի մյուս հարցին, թե ինչո՞ւ նախկինում տոկոսադրույքները չէր նվազում, հիմա նվազում է, Ներսես Երիցյանը նշեց, որ տոկոսադրույքների նվազումը էապես պայմանավորված է շուկանների հետևողական կայունությամբ, երկրորդը՝ գնաճային սպասումների՝ ցածր և կանխատեսելի գնաճի խարսխմամբ: