Փաշինյանի՝ Բաղրամյան 26-ից ցուցումներ չսպասելու հայտարարությունից հետո դատավորները կանգնելու են մեծագույն փորձության առաջ. Տ. Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ դատական համակարգին ցուցումներ չեն լինելու: 2 ձեռքով ողջունելով այս հարցում Փաշինյանի որոշումը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ սա, որպես վիրահատական միջամտություն, բերելու է նաև խայտաբղետ դատական ակտերի, կոռուպցիայի դրսևորումների: Իհարկե, շատ կարճ: Նրա խոսքով, վարչապետի այս որոշումը շոկի մեջ է գցել դատավորներին:
-Պարո՛ն Աթանեսյան, շաբաթօրյա ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման մեջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատավորների մոտ ինչպես համակարգչային տերմինաբանութամբ՝ «կախված վիճակ» է:
-Ողջունում եմ պարոն Փաշինյանի հայտարարությունը: Այն բավական խորիմաստ է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր դատական համակարգն ունեցել է գործունեության չգրված կանոններ: Դրանցից են՝ գործերը վերին դատական ատյաններում զեկուցելը, լուծման եղանակը և այդ կարգադրությունները ստանալը: Նաև զանգեր էին լինում բարձրագույն իշխանության մարմիններից՝ դատարանների նախագահների կողմից էդ հարցերը կարգավորելու համար: Հիմա այդ ամենը վերացվել է: Նա իր հայտարարությամբ, փաստորեն, ասաց, որ այդ ամենը չի լինելու: Եվ սա դատավորների համար ստեղծում է մի նոր վիճակ, որոնցում իրենք երբեք չեն եղել: Մենք, իհարկե, ունենք դատավորներ, որոնք միշտ փորձել են անկախ աշխատել: Հանուն ճշմարտության պետք է ասեմ դա. շատ չեն, բայց ունենք: Բայց մնացած մեծ մասը կանգնելու են շոկի առաջ: Կրկնում եմ՝ իրենք երբեք այդպես չեն աշխատել: Չեն էլ պատկերացնում, որ իրենց թողնելու են աշխատել օրենքով: Դժվարանում եմ ասել՝ ինչ է լինելու, բայց կամաց-կամաց պետք է սովորեն, որ իրենք են ընտրել այս մասնագիտությունը, իրենք են ուզել դառնալ դատավոր և հիմա պետք է գործեն ինչպես օրենքում է գրված: Նման իրավիճակ Հայաստանում երբեք չի եղել. ո՛չ խորհրդային Հայաստանում, ո՛չ անկախության տարիներին, քանի որ այդ հրահանգավորման համակարգը 3 նախագահների օրոք էլ գործել է: Վերջին տարիներին, սակայն հասցվել էր կատարելագործված մի համակարգի: Սա լինելու է դատավորների համար ամենամեծ փորձությունը: Հավատացեք, որ դատավորները ավելի ուրախ կլինեին, եթե լիներ ոչ թե նման հայտարարություն, այլ կտրուկ կադրային լուծումներ, մարդիկ փոխվեին:
-Հիմա փորձելո՞ւ են լինել օբյեկտիվ, ներքին համոզմունքով, խղճի մտոք:
-Փաստորեն, դա է իրենց խնդիրը լինելու և սա մեծագույն փորձություն է: Հիշեք խոսքերս՝ մենք ունենալու ենք նաև կոռուպցիայի աճ, որովհետև ոմանց թվալու է, որ ազատություն են ունենալու, բայց չեմ կարծում, որ դա երկար կտևի: Ունենալու ենք նաև խայտաբղետ դատական ակտեր: Այսինքն՝ ով ինչ ուզի կկայացնի, մինչև որ Վերաքննիչն ու Վճռաբեկը սկսեն իրենց դերը կատարել:Նման երևույթներ բացասական կլինեն: Սա նման է դատական համակարգի նկատմամբ վիրահատության: Այսինքն՝ վիրահատություն, որպեսզի այն փրկվի: Եվ ես էլ, ոչ միայն հետևելու եմ, այլ որպես փաստաբան մասնակցելու եմ այդ պրոցեսներին: Շատ հետաքրքիր փուլ է սկսվում: Հուսանք, որ լավի կբերի:
-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ դատավորները իրենք փորձեն կանխատեսելով հասկանալ, թե իրենցից ինչ վճիռ կարող է սպասել իշխանությունը ու ըստ այդմ՝ փորձեն արդարադատություն իրականացնել:
-Չեմ ուզում հանկարծ ինչ-որ մեկին հասցեին վիրավորական բան ասել, բայց դատավորների մեջ ամեն տեսակի մարդ էլ կա: Շատերն իմ կարծիքով՝ անգամ դիպլոմներն են կասկածելի, իսկ բարոյական կերպարի մասին էլ չեմ խոսում: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ամենատարբեր մարդիկ ունենք, և բնական է՝ ամենատարբեր որոշումներ կլինեն՝ կփորձեն իրենց նոր տերեր գտնել, կարգադրություն տվող գտնել: Ամեն ինչ փորձելու են: Հուսամ, որ նոր իշխանություններն իրենց խոսքի տերն են լինելու և նման ցուցումներ չեն տալու՝ թողնելով, որ իրենք առաջնորդվեն իրենց խղճով և օրենքով: Սա լի է տարբեր անակնկալներով:
-Հիմա, եթե պարզվի, որ ինչ-ինչ հնչեղ դատական գործերով մարդիկ չեն արդարացվում, ապա ի՞նչ կստացվի: Հիշեցնենք, եթե նախկինում ազատազրկման էին դատապարտվում, ապա ասվում էր՝ շինծու, սարքված գործ, չհիմնավորված միջնորդություններ և այլն: Այս դեպքում ի՞նչ կստացվի: Այսինքն՝ այս դեպքում կարելի՞ է հստակ արձանագրել, որ հանցակազմ եղել է:
-Եթե խոսքը Սասնա ծռերի մասին է, մարտիմեկյան և այդ տիպի գործերի մասին, ապա իմ ֆեյսբուքյան էջում դրան անդրադարձել եմ: Տեսեք՝ այստեղ կա 2 ճշմարտություն. ճշմարտություն՝ ըստ հեղափոխության, ճշմարտություն՝ ըստ իշխանության: Երկուսի դեպքում էլ տարբեր իրավական մոտեցումներ են: Եվ այս դեպքում՝ ո՞րն է ճշմարտությունը, սա չի կարող որոշել իրավաբանությունը: Սա արդեն «իրավաբանություն» գիտության սահմաններից դուրս է և փիլիսոփայության ու բարոյագիտության ոլորտներից է: Բայց նման խնդիրները լուծելու մեխանիզմներ կան պատմության մեջ: Ես կողմ եմ, որ հատուկ օրենքով տրվի հատուկ գնահատական, օրինակ, մարտիմեկյան իրադարձություններին, կամ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված: Օրենքով պետք է պատասխան տրվի՝ արդյոք ճի՞շտ էին այդ մարդիկ, թե ոչ: Էս խնդիրը դատավորը չի կարող լուծել: Որպեսզի ամենատարբեր հասարակական դժգոհությունը չհնչի: Նախ, կրկնում եմ, հատուկ օրենքով պետք է տրվի քաղաքական լուծում`հատուկ օրենքի տեսքով. նաև Շանթ Հարությունյանի, մյուս դեպքերին: Երբ կլինի այնպես, որ ճշմարտությունը մեկն է, լուծումները շատ հեշտ են: