Արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու, թե ինչ ֆորմատով՝ դա արդեն ուրիշ խնդիր է. Ն. Փաշինյան (տեսանյութ)
Ես շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում վարչապետին, կառավարությանը և մեր ողջ ժողովրդին:
Այս մասին Կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտ տալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այնուհետև վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին և նշեց, որ այս արարողության հանդիսավոր բնույթը կարևոր նշանակություն ունի, ժողովրդի առաջ երդվելու արարողությունը՝ նույնպես :
«Ես արդեն 13 օր վարչապետի կարգավիճակում եմ և ինձ համար շատ կարևոր էր երդման տեքստն ընթերցելիս վերլուծել այս տասներեք օրերի ընթացքը, և ուրախ եմ, որ ճշգրիտ վարվել եմ այնպես, ինչպես նախատեսված է այդ երդման տեքստում»,- ասաց նա:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին և Կառավարության երկարաժամկետ ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Արտահերթ ընտրությունները առաջնահերթություն են մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք: Կառավարությունը պետք է բնականոն գործի, կառավարությունը ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է: Ի վերջո, արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու, թե ինչ ֆորմատով՝ դա արդեն ուրիշ խնդիր է»:
Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ նա ասաց, որ և՛ ծառայությունը, և՛ մյուս մարմինները լիարժեք պետք է կատարեն իրենց գործառույթները, և սրանով ամեն ինչ ասվել է:
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենն արել է հայտարարություններ, երբ կլինեն կոնկրետ գործողություններ, հանրությունը կիրազեկվի: Հույս ունեմ, որ դուք չեք ակնկալում, որ ես պետք է ինչ-որ օպերատիվ տեղեկություններ բացահայտեմ»,- ասաց նա և նշեց, որ շատ մանրամասների մեջ չի մտնում, քանի որ կարծում է, որ ԱԱԾ պետը պետք է իր գործառույթներն անի:
Հարցին՝ եթե բացահայտումները վերաբերեն իր գործընկերներին, ապա դա անաչառության վրա կազդի, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի»: