2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելը էական ազդեցություն չի ունենա ծնունդների թվի աճի վրա. ժողովրդագիր
Ժողովրդագիր Արտակ Մարկոսյան Tert.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելը էական ազդեցություն չի ունենա ծնունդների թվի աճի վրա, բայց գովելի քայլ է: Իսկ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը խոսքով՝ այս քայլը կարող է օգտակար լինել, եթե դրա համար կան անհրաժեշտ ռեսուրսներ:
«Հիմա կդժվարանամ մեկնաբանել, հավանաբար, տիկին Թանդիլյանը ինչ-որ մի բան հաշվարկել է, որ ասում է: Չեմ կարծում, թե նա առանց հաշվարկելու կարող էր նման առաջարկ անել, հավանաբար բյուջեում կան միջոցները, անցած ամիսների գերակատարումները թույլ են տալիս, որ տարվա ընթացքում ունենանք լրացուցիչ հնարավորություններ: Կամ այլ հաշվարկ ունի, որին ես ծանոթ չեմ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Պատգամավորի կարծիքով՝ ինքնին նպատակը շատ օգտակար է, եթե բյուջետային ռեսուրսները թույլ են տալիս, եթե դրա համար կան անհրաժեշտ ռեսուրսներ:
«Մինչև ես չկարողանամ ծանոթանալ տիկին Թանդիլյանի հաշվարկներին, որևէ կարծիք հայտնել չեմ կարող, բայց չեմ կարծում, որ նրա առաջարկը ենթադրում է բյուջեի դեֆիցիտի ավելացում: Եթե մենք պետք է պարտք վերցնենք, որպեսզի կարողանանք այս ծախսը կատարել, սա կարծում եմ՝ անիմաստ է: Համոզված եմ, որ նման առաջարկ չի լինի: Ենթադրում եմ, նա բյուջետային ռեսուրսների գնահատմամբ գալիս է այն եզրակացության, որ նման հավելյալ սոցիալական ծախսերը պետությունը կարող է վերցնել: Ինքս որևէ հիմք չունեմ Մանե Թանդիլյանի մասնագիտական որակները կասկածի տակ դնել»,- նշեց Խ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ.-ի հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկել՝ հասցնելով 150 հազար դրամի. «Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա: Առկա նպաստների չափերը, իհարկե, հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում առկա է հնարավորություն կատարել հնարավորինս փոքր փոփոխություններ»,- ասվում է նախարարի գրառման մեջ:
Ժողովրդագիր Արտակ Մարկոսյան խոսքով՝ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելը էական ազդեցություն չի ունենա ծնունդների թվի աճի վրա, բայց որպես նոր կառավարության առաջին քայլերից մեկը գովելի է:
«Եթե հնարավորություն լիներ, կարելի էր ոչ թե եռապատկել, այլ միանգամից տասնապատկել: Այնուամենայնիվ, իսկապես լավ քայլ է, որովհետև այդ 50 հազար դրամը մոտ 15 տարի է գործում է՝ եթե հաշվի առնենք գնաճը, դրամի արժեզրկումը: Այդ 50 հազար դրամ կարելի է ասել, գումար չէր»,- ընդգծեց նա:
2017 թ. առաջին եռամսյակում 2016 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում գրանցվել է ծնունդների 7 տոկոս անկում: Արտակ Մարկոսյան կարծիքով՝ այս անկումը նորմալ է, քանի որ ամուսնական տարիք է մտել 1990-ականների սերունդը, որոնց թիվը բավականին քիչ է:
«Մենք խնդիր ունենք խրախուսելու հավելյալ ծննդաբերությունը՝ նկատի ունեմ 3-րդ, 4-րդ երեխաների ծնունդը: Նույնիսկ առաջին երեխայի պարագայում պետք է գումարը բարձրացվի: Պետք է մտածենք առաջին երեխայի մասին, որովհետև նկատելի է, որ նոր կազմվող ընտանիքները ուշացնում են առաջին երեխայի ծնունդը: Մենք այսպիսի խնդիր ունենք և կարելի էր նաև միանգամից առաջին երեխայի ծննդյան նպաստը միանգամից բարձրացնել»,- նկատեց ժողովրդագիրը:
Բացի երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելուց, նոր կառավարությունը, ըստ Արտակ Մարկոսյանի՝ կարճաժամկետ հատվածում կարող է մի շարք այլ դրական փոփոխությունների իրականացնել: Մասնավորապես, կառավարությունը պետք է փորձի փոխել մայրերին տրվող ամսական վճարները. «Այդ 18 հազար դրամը միայն երեխայի տակդիրների փողն է: Սա ավելի կարևոր խնդիր է: Եվ պետք է տարբերակումներ դնել ավելի անապահով ընտանիքներին ավելի հասցեական օգնություն ցուցաբերելու համար»:
Ժողովրդագիրը նաև առաջարկում է աշխատող մայրերի ֆիզարձակուրդ գնալու դեպքում նրանցից չգանձել եկամտահարկը. «Չեմ կարծում, որ բյուջեն դրանից կտուժի, բայց սա էական գումար է մարդկանց համար: Կարելի փոքր քայլեր ձեռնարկել հենց հիմա, որպեսզի ավելի հասցեական լինի խրախուսումը»,- նշեց նա:
Ժողովրդագրի կարծիքով՝ նոր կառավարությունը օր առաջ պետք է ներկայացնի ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագիր, հապաղելու պարագայում ավելի վատ իրադրությունում կհայտնվի ժողովրդագրական վիճակը: Կանխատեսումների համաձայն՝ 2025 թ.-ին Հայաստանում մահերը գերազանցելու են ծնունդներին. «Պետք է գոնե այս տարի ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագիրը շատ լուրջ մշակվի և սկսի իրագործվել»,- ասաց նա: