Մալայզիայի նախկին վարչապետը, ում տներից կանխիկ գումարով ու թանկարժեք իրերով լի 280 տուփ էին հանել, ոստիկանությունից պաշտպանություն է խնդրել
Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը, որը կասկածվում է մասշտաբային կոռուպցիայի գործի շրջանակում, ստիպված է եղել դիմել ոստիկանություն՝ իր և իր ընտանիքի անվտանգության համար մտավախությունների առնչությամբ: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
«Նաջիբը դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով պաշտպանել իրեն և իր ընտանիքին, քանի որ 14-րդ համընդհանուր ընտրություններից հետո, նրանք վախենում են իրենց անվտանգության համար»,- ասել է նախկին վարչապետի ներկայացուցիչը:
ԶԼՄ-ները նշել են, որ Ռազակի հասցեին արդեն սպառնալիքներ են հնչել:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո հերթապահություն է իրականացրել Կուալա Լումպուրում Ռազակի տան մոտ, իսկ այնուհետ ուղեկցել է նրան իր հայրենի Պեկան քաղաք:
Մայիսին 60 տարվա ընթացքում առաջին անգամ Մալայզիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմությունը: Ռազակը, ում «Ազգային ճակատ» կուսակցությունն իշխանության է եղել 1957 թվականից ի վեր, հայտարարել է, որ ընդունում է «ժողովրդի կամքը»:
Ռազակը կասկածվում է 1Malaysia Development Berhad պետական ներդրումային հիմնադրամում կոռուպցիայի գործով: Քննության տվյալներով՝ Մալայզիայի նախորդ կառավարությունը և հիմնադրամի ղեկավարությունն ավելի քան 4,5 միլիարդ դոլար պետական միջոց են յուրացրել:
Օրերս էլ հաղորդվել էր, որ Մալայզիայի ոստիկանությունը երկրի նախկին վարչապետին պատկանող բնակարաններից առգրավել է ավելի քան 280 տուփ՝ լի կանխիկ գումարով, թանկարժեք ոսկերչական զարդերով, ժամացույցներով, ինչպես նաև տասնյակ էքսկլյուզիվ Hermes պայուսակների հավաքածուով: Հատկանշական է, որ իրավապահներն առգրավված իրերի տեղափոխման համար օգտագործել են 5 բեռնատար: