Պիտի տեղադրենք մի հարյուր տեղ` կամուրջների մոտ, մարզերում. ԱԱԾ–ն հրապարակել է նախապատրաստվող ահաբեկչության մասին ձայնագրությունը
Այսօր Ազգային Անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում պայթուցիկ սարքերի գործադրմամբ ահաբեկչություն է ծրագրված եղել, որը կանխվել է։
ԱԱԾ–ն ներկայացրել է գործով ձերբակալվածների գաղտնալսումը, որտեղ նրանք խոսում են ՀՀ տարածքում մոտ 100 վայրում` այդ թվում կամուրջների տակ, Օպերայի տարածքում պայթուցիկ սարքեր տեղադրելու ծրագրի մասին։
Ավելի վաղ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ ձերբակալված անձինք նպատակ են ունեցել ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։