Աբդուլլահ Գյուլը կարող է Թուրքիայի ընդդիմության թեկնածուն դառնալ նախագահական ընտրությունների ժամանակ. «Այդընլըք»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունը կարող է նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, գրում է թուրքական «Այդընլըք» պարբերականը:
Կուսակցությունը դեռևս պաշտոնապես չի առաջադրել իր թեկնածուին, որը հունիսի 24-ին կայանալիք վաղաժամ ընտրությունների ժամանակ կպայքարի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու այլ մրցակիցների հետ:
Որևէ կուսակցության անդամ չհանդիսացող Աբդուլլահ Գյուլի՝ նախագահական ընտրություններին հնարավոր մասնակցության մասին լուրերը թուրքական մամուլում սկսել են շրջանառվել դեռ անցյալ տարվանից: Գյուլը դրանք ոչ հաստատել, ոչ հերքել է:
«Այլևս կոտրված է այն համոզմունքը, թե Գյուլը չի կարող պարոն Թայիբի (Էրդողանի-tert.am) մրցակիցը լինել: Եթե ճիշտ բանաձև գտնվի՝ Գյուլը կարող է առաջադրվել մեր կուսակցությունից», - պարբերականի հետ զրույցում ասել է կուսակցական գործիչը, որի անունը չի հրապարակվում:
Նա նաև պնդել է, որ թեմայի վերաբերյալ արդեն բանակցություններ են վարվում և՛ Գյուլի, և՛ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Ի դեպ, Քըլըչդարօղլուն լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենց կուսակցությունից առաջադրվելիք թեկնածուի անունը դեռ որևէ տեղ հայտարարված չէ և որ ինքն այդ գաղտնիքն անգամ իր կնոջը չի պատմել: