Թուրքիայի նախագահական ընտրություններին առաջադրվել պատրաստվող կին քաղաքական գործիչը «վախկոտ հավեր» է անվանել երկրի իշխող վերնախավին
Թուրքիայի ազգայնական «Լավ» կուսակցությունը երկրում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու կառաջադրի կուսակցության նախագահ Մերալ Աքշեներին:
Ինչպես գրում է diken.com.tr կայքը, Աքշեները նախօրեին ունեցած ելույթում վերահաստատել է, որ իրենք անպայման մասնակցելու են ընտրություններին:
Կին քաղաքական գործիչը նաև զգուշացրել է, որ իշխանությունները կարող են տարբեր ճանապարհներով խոչընդոտել ընտրություններին իրենց մասնակցությունը և «վախկոտ հավեր» է անվանել Թուրքիայի իշխող վերնախավին:
«Ինչ ուզում եք արեք՝ «Լավ» կուսակցությունը գնալու է ընտրությունների: Ես պատրաստ եմ: Պատրաստ եմ, որ ձեռքիս բազուկը կարող է կոտրվել: Թող բոլորը պատրաստ լինեն: Բոլորդ վախկոտ եք, վախկոտ հավեր եք, վախկոտներ: Ես ձեզանից չեմ վախենում»,- ասել է Աքշեները՝ նշելով, որ կուսակցությունը նաև անպայման մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:
61-ամյա Մերալ Աքշեները, որն ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում 1990-ականներից, մինչ օրս եղել է աջակողմյան կուսակցությունների շարքերում: Նա նաև եղել է Թուրքիայի մինչ օրս միակ կին ներքին գործերի նախարարը: