Պեսկովը հերքել է Լավրովի սպասվելիք հրաժարականի մասին լուրերը
Կրեմլում խորհուրդ են տվել ուշադրություն չդարձնել ԶԼՄ-ների շահարկումներին առ այն, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իբր հեռանում է զբաղեցրած պաշտոնից:
«Եկեք շնորհավորենք Սերգեյ Վիկտորի Լավրովին ծննդյան օրվա առթիվ և ուշադրություն չդարձնենք սպեկուլյացիաներին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ RTVI հեռուստաալիքը, հղում անելով մի շարք աղբյուրների, հաղորդել էր, որ Լավրովը չի ընդգրկվի նոր կառավարության կազմում, քանի որ վաղուց ցանկացել է հեռանալ նախարարի պաշտոնից, որն զբաղեցնում է 2004 թվականից:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովն այսօր նշում է իր 68-ամյակը: Իր ծննդյան տարեդարձը նախարարը տոնել է Տոկիոյում, որտեղ գտնվում էր աշխատանքային այցով: Այսօր առավոտյան նա բանակցություններ է վարել ճապոնացի գործընկերոջ հետ, որը շնորհավորել է Լավրովին և նրան ֆուտբոլի գնդակի տեսքով տորթ հյուրասիրել: