260 կատալոնացի քաղաքական գործիչ է հեռացվել պաշտոնից
Իսպանիայի կառավարությունը պաշտոնից հեռացրել է 260 կատալոնացի քաղաքական գործչի, որոնք ինքնավար համայնքի կառավարությունում աշխատել են անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին անկախության մասին հայտարարություն անելուց հետո:
Ինչպես փոխանցում է Euromag-ը, այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան:
«Սիուդադանոս» («Քաղաքացիներ») կենտրոնական կուսակցության առաջնորդ Ալբերտ Ռիվերան երկրի վարչապետ Մարիանո Ռախոյին մեղադրել է «խորհրդարանում ստելու» մեջ: Ըստ գործչի՝ վերջինս ստում էր, երբ պնդում էր, որ պետական բյուջեից ոչ մի եվրո չի ծախսվի այսպես կոչված նախկին կատալոնական իշխանությունների՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախացմանն ուղղված քայլերի «ընթացակարգի» վրա:
Հարկային ծառայությունը հետաքննության ընթացքում պարզել է, որ անկախության մասին հանրաքվեի անցկացման համար գումար է ծախսվել նաև պետբյուջեից: Նախնական տեղեկություններով՝ խոսքը 2.2 մլն եվրոյի մասին է:
Սանտամարիայի խոսքով՝ Կատալոնիայում Մադրիդից անմիջական կառավարում սահմանելու պահից հետո 120 օրվա ընթացքում պաշտոնից ազատվել է 260 գործիչ: